Հովիկ Աբրահամյան. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտները հաջողությամբ իրենց դրսևորում են իշխանության բոլոր ճյուղերում
Այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 80-ամյակի կապակցությամբ համալսարանում մի շարք միջոցառումներ տեղի ունեցան: ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի, ԿԳ և արդարադատության նախարարների պատվո շքանշաններին արժանացան ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը և մի շարք դասախոսներ: Մինչ շքանշանների հանձման արարողությունը` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը Գագիկ Ղազինյանի հետ շրջեց ֆակուլտետի նորակառույց, վերանորոգված լսարաններով:
«Բավական ջանք ու եռանդ պահանջեց նման կատարյալ տեսքին հասնելու համար: Այս վերանորոգումը չէր լինի, եթե չլիներ այն համառությունը, որը ցուցաբերեց Գ. Ղազինյան»,- ասաց Ա. Սիմոնյանը:
Իսկ Գ. Ղազինյանն էլ հավաստիացրեց, թե «որևէ սանտիմետր չկա ֆակուլտետում», որը վերանորոգված չէ: Այնուհետև հյուրերը գնացին կենտրոնական մասնաշենքի դահլիճ, որտեղ ելույթ ունեցավ նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Վերջինս նշեց, որ թեև Իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ չէ, ի տարբերություն նրանց, ովքեր բախտ են ունեցել ուսանելու այնտեղ, բայց իր գործունեության ընթացքում, հատկապես` ԱԺ-ում, սերտորեն աշխատել, շփվել է իրավաբանների հետ. «Ասեմ անկեղծ` առանձնահատուկ տեղ են գրավում ԵՊՀ ուսանած մարդիկ, ովքեր մշտապես աչքի են ընկել բարձր պրոֆեսիոնալիզմով և հիմնարար գիտելիքներով: Իմ գործընկերների` ԱԺ պատգամավորների մեջ, ևս կան այս ֆակուլտետի բազմաթիվ շրջանավարտներ, ում արհեստավարժ աշխատանքը մեծապես նպաստում է ԱԺ արդյունավետ գործունեությանը»:
Նրա խոսքով` ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտները հաջողությամբ իրենց դրսևորում են իշխանության բոլոր ճյուղերում: Ըստ Հովիկ Աբրահամյանի` այն, որ Իրավագիտության ֆակուլտետը շարունակում է պահանջված լինելու ու վարկանիշ ունենալ, պայմանավորված է ոչ միայն իրավաբանի մասնագիտության չհնացող արդիականությամբ, այլև` ֆակուլտետի բարի ավանդույթներով, պրոֆեսորադասախոսական անձնակազմով:
«Իրավաբանը, ինչպես և բժիշկը, պետք է առաջնորդվի մարդասիրության սկզբունքներով, որովհետև հաճախ նրա աշխատանքաից են կախված մարդկանց ճակատագրերը»,- եզրափակեց Հովիկ Աբրահամյանը:
Լուսանկարները` հեղինակի