ՀՀ-ում անշարժ գույք գնող օտարերկրացիները կստանան կացության իրավունք
Օտարերկրացիների հոսքը Հայաստան խրախուսելու և նրանց կողմից ներդրումների իրականացմանը նպաստելու համար այսօր ՀՀ կառավարությունը իր նիստում հավանություն տվեց «Օտարերկրացիների մասին» և ևս երկու օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին:
Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ սա շինարարության ոլորտը խթանելու ծրագրի բաղկացուցիչ մասն է. «2013 թ. ցուցանիշները, որոնք հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը, վկայում են, որ շինարարության ոլորտում դեռևս մտահոգիչ գործընթացներ կան: Մասնավորապես, այս պահին արձանագրել ենք ոլորտի 8.5 տոկոսանոց անկում, և տնտեսական աճի հիմնական շարժիչները գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունն են, որտեղ աճի տեմպերը մեզ բավարարում են: Բայց շինարարությունը ճգնաժամից հետո շարունակում է իր անկման միտումը, և դա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ էլիտար բնակարանների պահանջարկը նվազել է: Մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ պահանջարկ կա էկոնոմ դասի բնակարանների նկատմամբ, բայց առաջարկը մեծ չէ: Մենք ձեռնամուխ ենք եղել մի ծրագրի մշակման, որի նպատակն է խթանել շինարարության ոլորտի ակտիվացումը»:
Տ.Սարգսյանի խոսքվ՝ օրենսդրական փոփոխությամբ եթե օտարերկրացիները Հայաստանում բնակարան են ձեռք բերում, նրանց համար կարճ ժամկետում ստեղծվում է հարմարավետ միջավայր, որպեսզի այդ մարդիկ վստահ լինեն, որ արագորեն կստանան կացության վկայական և երկիր մուտք գործելու որևէ խնդիր չեն ունենա: Վարչապետը կարևորել է նաև ՀՀ քաղաքացիների կողմից բնակարանների ձեռքբերումը. «2014 թ-ին մենք ուզում ենք պետական ծառայողների համար հասանելի դարձնել բնակարանները, որպեսզի նրանք ի վիճակի լինեն հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերել: Այսօր թիվ մեկ խոչընդոտն այն է, որ հիփոթեքային ցանկացած սխեմայով կանխավճար է պահանջվում: Շատ հաճախ պետական ծառայողները չունեն կանխավճարի գումարը և չեն կարողանում բնակարան ձեռք բերել, որի արժեքը մինչև 25 մլն դրամ է: Մենք պատրաստ ենք պետական ծառայողներին տրամադրել պետական երաշխիք այդ 30 տոկոսի չափով, որպեսզի բանկերը նրանցից չպահանջեն 30 տոկոսանոց կանխավճար»: Կառավարությունը նաև դիմելու է քաղաքապետարան` խնդրելով, որպեսզի Երևանում հարմար տարածքներ գտնեն` դրանք կառուցապատողներին տրամադրելու համար, որպեսզի ավելի ցածր գներով հնարավոր լինի Երևանում կառուցապատում իրականացնել:
«Դա նշանակում է, որ մենք որակապես փոխելու ենք շինարարական տեխնոլոգիաները: Եթե մինչև հիմա այն շինարարական տեխնոլոգիաներով, որոնք կիրառվում են, ենթադրվում է, որ 1 քմ-ի արժեքը տատանվում է 800 դոլարի շրջանակում, մենք նպատակ ունենք մոտակա տարիներին առաջարկել կառուցապատողներին՝ կիրառել էկոնոմ դասի տեխնոլոգիաներ, որոնք էապես պետք է նվազեցնեն ինքնարժեքը: Դա նշանակում է, որ նաև հողի արժեքի առումով պետությունը պետք է օժանդակի, որպեսզի էապես նվազեն գները, որպեսզի ավելի շատ մարդիկ հնարավորություն ունենան բնակարան ձեռք բերելու»,- ասաց վարչապետը: