Ռուսաստանի շանտաժի պատճառով Հայաստանը դուրս է մնացել «Վեցյակից». Բենեդիկտաս Յուոդկա
Լիտվական Delfi լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ Նախարարների կաբինետում Լիտվայի նախագահության համար հիմնական սպառնալիքը «Արևելյան գործընկերության» երկրների հանդեպ Ռուսաստանի շանտաժն է: Այս մասին երեկ հանձնաժողովի փակ նիստում հայտարարել է Լիտվայի խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի ղեկավար Բենեդիկտաս Յուոդկան.
«Բոլոր սպառնալիքները կապված են «Արևելյան գործընկերության» նոյեմբերյան հանդիպման հետ: ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրի նպատակը 6 գործընկերներին ԵՄ-ին մոտեցնելն է՝ կապված նրանց ժողովրդավարության, մարդու իրավունքների, արդարադատության հետ:
Եվ որքան մոտենում է «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը, այնքան ակնհայտ է դառնում, որ Վիլնյուսում թերևս կստորագրվի ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագիրը, գործերը բավական լավ են Մոլդովայի ու Վրաստանի հետ: Որքան մոտ են ԵՄ-ի տեսանկյունից դրական որոշումները, այնքան ուժեղ է հարևան երկրների հանդեպ (Ռուսաստանի) շանտաժը:
Դուք հիանալի գիտեք, որ Հայաստանը Մաքսային միության մասին պայմանագիր է ստորագրել Ռուսաստանի հետ, մինչդեռ Հայաստանը ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրի առավել առաջադեմ անդամներից էր: Սակայն այժմ նա դուրս է մնացել այդ «Վեցյակից» («Արևելյան գործընկերությունում» ընդգրկված վեց երկրներից), քանի որ հենց ռուսական կողմի շանտաժի պատճառով է այդպես եղել:
Հայաստանի տնտեսությունը չափազանց մեծ կախվածություն ունի Ռուսաստանից, այնտեղ կան ռուսական ռազմաբազաներ: Զգալի սպառնալիքն ակնհայտ է. խանգարել «Արևելյան գործընկերության» ֆորումին, հիմնական սպառնալիքներն ուղղված են հենց դրան»: