
Աշխարհի հնագույն թերթը հրաժարվում է տպագիր տարբերակից

Cyber Security-ի փոխանցմամբ՝ գրեթե 280 տարվա հրատարակումից հետո ցայժմ տպագրվող աշխարհի հնագույն թերթը որոշել է հրաժարվել տպագիր տարբերակից և ամբողջովին անցում կատարել ինտերնետային տիրույթին:
Lloyd’s List պարբերականը հիմնադրվել է 1734 թվականին՝ որպես հայտարարությունների ու տեղեկատվության թղթե հավաքածու, որի օրինակները հայտնվում էին լոնդոնյան գարեջրատներում, ռեստորաններում ու հասարակական վայրերում (կայարաններ ու նավահանգիստներ):
Թերթն ընդգծել է, որ շարունակում է իր գոյությունը, սակայն դեկտեմբերից ամբողջովին դադարեցնելու է տպագիր տարբերակը և թողարկվելու է միայն թվային տարբերակով: Ներկայումս թերթը համարվում է ծովային փոխադրումների գլոբալ շուկային առնչվող տեղեկությունների ու վերլուծությունների մատակարար:
Նրա գլխավոր խմբագիրը Ռիչարդ Միդն է, որի խոսքերով՝ թվային մոտեցումն առաջարկում է նոր հնարավորություններ ու մարտահրավերներ: Նա հավելել է, որ թվային տարբերակին անցում կատարելը բարդ է և՛ կազմակերպչական, և՛ հոգեբանական պլանում:
Գլխավոր խմբագրի խոսքերով՝ վերջին 10 տարում ընկել է տպագիր տարերակի վաճառքի տեմպը, և իրենք հարկադրված են եղել արձագանքել դրան: