
Թուրքիան առաջարկել է ՄԱԿ ԱԽ-ի անդամների ընդհանուր քանակը հասցնել 25-ի

Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան գործի է անցել ՄԱԿ ԱԽ-ում կառուցվածքային փոփոխություններ անցկացնելու համար՝ կապված նրա հետ, որ այդ կառույցը չկարողացավ որոշում ընդունել Սիրիայի վերաբերյալ:
Դրա հետ կապված՝ Թուրքիան առաջարկում է ՄԱԿ ԱԽ-ի կառուցվածքային նոր մոդել, որում նրա մշտական անդամների քանակը ներկայիս 5-ից կհասցվի 11-ի, իսկ ընդհանուր անդամների քանակը ներկայիս 15-ից կհասցվի 25-ի:
Բացի այդ, վերացվելու է մեկ պետության կողմից վետո դնելու իրավունքը և որոշումներն ընդունվելու են ձայների մեծամասնությամբ: Թուրքիան այդ հարցով առաջինը բանակցելու է Բրազիլիայի, ապա՝ ԱՄՆ-ի հետ: Թուրքիայի վարչապետի խոսքերով՝ աշխարհը հինգից (ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներից, որոնք աշխարհում ամենաշատ զենք վաճառող երկրներն են) մեծ է:
Թուրքական լրատվամիջոցն ընդգծում է, որ Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ում ամենաշատ վետո կիրառած երկիրն է: Մինչև 2007 թվականը Ռուսաստանը վետո դնելու իրավունքից օգտվել է 123 անգամ, ԱՄՆ-ը՝ 82 անգամ, Մեծ Բրիտանիան՝ 32 անգամ, Ֆրանսիան՝ 18 անգամ, իսկ Չինաստանը՝ 8 անգամ: