
Հայաստանում կներդրվի շուրջ 100 միլիոն դոլար

ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը և Փոքր ձեռնարկությունների աջակցման ֆոնդերը մեկնարկում են ծրագիր, որի արդյունքում շուրջ 100 մլն դոլարի ներդրումներ կիրականացվեն ՀՀ-ում դեղագործության, բարձր տեխնոլոգիաների, սննդի վերամշակման և զբոսաշրջության ոլորտներում: Այսօր համաժողովի ժամանակ ՓՁԱՖ նախագահ Հուբերտուս Վան Դեր Վաարտը տեղեկացրեց, որ Հայաստանում 35 ոլորտների գործարարների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են ներդրումային ռիսկերը։
«Բացի ֆինանսական աջակցությունից, հայկական ձեռնարկություններին կտրամադրվի նաև խորհրդատվություն»,- նշեց ՓՁԱՖ ղեկավարը։
«Պրագմա կորպորասիոն» ընկերության նախագահ Պոլ Դևիսի խոսքով՝ ընտրված 4 ոլորտներում ներդրումների ներգրավումը կխթանի դրանց զարգացումը և կբարձրացնի մրցունակությունը։ Ներդրումները հիմնականում կկատարվեն փոքր ու միջին ձեռնարկություններում, որոնք առավել միտված են արտահանել իրենց արտադրանքը: