Բաժիններ՝

«ՀիմնաՏավուշը» չի ցանկանում գյուղացիներին փոխհատուցել

tesankyun.am-ի փոխանցմամբ՝ Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի Դիտավան համայնքի նախկին ղեկավար Սեյրան Սարգսյանը ու  ևս 3 դիտավանցիներ  դատի են տվել «ՀիմնաՏավուշ»  զարգացման հիմնադրամին:

Վերջինս ստեղծվել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից:  2010 թ. մայիսի 22-ին  Իջևանում  Ֆրանսիայի Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ստորագրել են  համատեղ նկատառումների հուշագիր:  2011 թ. մարտին Ֆրանսիայում երկու կողմերը ստորագրել են  Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի և Տավուշի մարզի միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակային պայմանագիր՝ 3 տարի ժամկետով:

Տավուշի մարզին  Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի դեպարտամենտի աջակցությունն ուղղված է  մարզի գյուղատնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, սահմանագոտու բնակիչների  կենսամակարդակի բարելավմանը:

Դիտավանցիների դատական  հայցը վերաբերում է  2012թ. Դիտավանում ցանված  10 հա եգիպտացորենին, որից ստացված սիլոսը պետք է օգտագործվեր հիմնադրամի կողմից մարզի Լուսաձոր գյուղում հիմնված տոհմային անասնապահական ֆերմայի կովերին կերակրելու համար:

Ս. Սարգսյանի խոսքերով՝ հիմնադրամը  եգիպտացորեն ցանելու համար յուրաքանչյուր հեկտարի հաշվով իրենց 150 հազարական դրամ կանխավճար  է տվել, հետագայում՝ հեկտարի հաշվով՝ եւս 30 հազարական դրամ: Նրա վկայությամբ՝ ըստ պայմանագրի «ՀիմնաՏավուշը» հնձի շրջանում պետք է ապահովեր տեխնիկայով, ինչը  չի արվել: Դրա պատճառով եգիտացորենը գերհասունացել է, չորացել,  ակնկալված 400 տոննայի փոխարեն հնձվել է ընդամենը  92 տոննա :

Սեյրան Սարգսյանն ասել է, որ հետո հիմնադրամի ներկայացուցիչները  փորձել են  համոզել , որ ինքը ստորագրի  փաստաթղթի տակ, թե իբր երաշտի, այսինքն՝ «ֆորս մաժորի» հետեւանքով  է ցածր  բերք ստացվել: Նախկին գյուղապետը հայտնեց, որ իրենք հիմնադրամից ստացել են ընդհանուր առմամբ 1 միլիոն  860 հազար դրամ, սակայն ակնկալում էին ստանալ 8 միլիոն դրամ եկամուտ:  Դիտավանցիները յուրաքանչյուր հեկտարի մշակության համար ծախսել են 350 հազարական դրամ, ընդհանուր՝ 3.5 միլիոն դրամ: Սույն  գործով դատական նախնական նիստերը մայիսի 31-ին մեկնարկել  էին  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:

Դատավարության ընթացքում «ՀիմնաՏավուշի» ներկայացուցիչները հանդես են  եկել հակընդդեմ հայցով: Դիտավանի նախկին գյուղապետ Սեյրան Սարգսյանն ասել է, որ արդեն ավարտվել է դատավարության նախնական փուլը, եւ սեպտեմբերի 17-ին Իջևանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվելու է  բուն դատաքննությունը:

Ս. Սարգսյանն ասել է, որ  կայացած նախնական նիստերի ժամանակ «ՀիմնաՏավուշի» ներկայացուցիչները հրաժարվում էին ընդունել ակնհայտ փաստերը: Նախկին գյուղապետի խոսքերով՝ հիմնադրամի ներկայացուցիչները հրաժարվում էին խոստովանել, որ իրենք դիտավանցիներին  եգիպտացորենի սերմացու են տվել; Դիտավանցիներին  հաջողվել է  ապացուցել, որ «ՀիմնաՏավուշը» «Հայաստան» համահայկական հիմնադրամից ստացել և դիտավանցիներին է  փոխանցել եգիպտացորենի 1.5 տոննա սերմացու:

Սեյրան Սարգսյանի վկայությամբ՝ «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի ներկայացուցիչները հրաժարվել են ընդունել, որ 2012թ. հուլիսի 27-ին իրենք եգիտացորենի անսարք կոմբայն են ուղարկել Դիտավան, որը օգոստոսի 17-ին փոխարինել են այլ կոմբայնով:

Դիտավանցիները դատարան են ներկայացրել Տավուշի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի(ԳԱՄԿ) ակտերն այն մասին, որ եգիտացորենը գերհասունացած է , պիտանի չէ սիլոսավորման, նաեւ ներկայացրել են իրենց այն նամակները, որոնցով   հիմնադրամին ահազանգել են եգիպտացորենի հնձի ուշացման վերաբերյալ: Ս.Սարգսյանն ասել է, որ «ՀիմնաՏավուշի» գործադիր տնօրեն Հրաչ Թումանյանը չի մասնակցում դատական նիստերին, հիմնադրամի շահերը դատարանում ներկայացնում է երեւանցի մի փաստաբան: Սեյրան Սարգսյանի համոզմամբ՝ հիմնադրամի տնօրինությունը պատրաստ է դատական մեծ ծախսեր անել, սակայն չփոխհատուցել դիտավանցիների կրած վնասները: Նրա խոսքերով՝ հիմնադրամի դեմ բողոքում էին նաև Իջևանի տարածաշրջանի Ակնաղբյուր գյուղի  3 բնակիչ, որից մեկին հիմնադրամի ներակայացուցինեը ինչ-ինչ ձեւով համոզել են հրաժարվել բողոքից, երկրորդին իրենց մոտ աշխատանքի են ընդունել, 3-րդն էլ իրականում ցանք չի կատարել և իմաստ չի տեսել բողոքելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս