
Քեթրին Էշթոնը Սերգեյ Լավրովին հայտնել է իր մտահոգությունը՝ կապված ՌԴ-ի առևտրային ու մաքսային վերջին միջոցների հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը մտահոգություն է հայտնել «Արևելյան գործընկերություն» ծրագրում ներառված մի շարք երկրների հանդեպ ոչ վաղ անցյալում Ռուսաստանի ձեռնարկած առևտրային ու մաքսային միջոցների կապակցությամբ:
Այս մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներով հայտնել է նրա մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ Էշթոնը նաև ընդգծել է, որ այդ միջոցները հակասում են այն սկզբունքներին, որոնց տակ ստորագրել է Ռուսաստանը:
Էշթոնն այդ սկզբունքների թվում հիշատակել է միջազգային իրավունքին համաձայն, այլ երկրների հետ իրենց հարաբերություններն ընտրելու ու կառուցելու յուրաքանչյուր պետության ազատ ընտրության իրավունքը: