Բաժիններ՝

Նախկին «օրենքով գողը» փախել էր՝ վրաերթի ենթարկելով ոստիկանին

Ինչպես հայտնում է «Прайм Крайм» գործակալությունը, սեպտեմբերի 19-ին Մոսկվայում ռուս իրավապահները ձերբակալել են Աբխազիայի քաղաքացի, 40-ամյա Գոչա Չվիրկիային, ով քրեական շրջանակներում ավելի շատ հայտնի է որպես Գոչա Սուխումսկի։

Չվիրկիան ոստիկանների ձեռքն էր ընկել դեռ օգոստոսի 24-ին՝ բնակարանային գողություն կատարելու ժամանակ։ «Դեու Նեքսիա» մեքենայով փորձելով փախչել՝ քրեական հեղինակությունը վրաերթի էր ենթարկել իրեն շրջապատած ոստիկաններից մեկին։ Մինչ մյուսները օգնություն էին ցուցաբերում իրենց գործընկերոջը, Չվիրկիան կարողացել էր փախչել։ Նրան բռնելը ոստիկանության համար պատվի հարց էր դարձել։ Երեք շաբաթ անց քրեական հեղինակությունը հայտնաբերվեց և ձերբակալվեց։

«Прайм Крайм»-ի տեղեկություններով, նախկինում մի քանի անգամ դատապարտված Գոչա Սուխումսկին թագադրվել է 1999թ.։ 2002թ. Մոսկվայի Գոլովինսկի շրջանի դատարանը նրան դատապարտեց 2 տարի ազատազրկման՝ թմրամիջոցներ պահելու համար։ Չվիրկիան ստիպված էր պատիժը կրել «օրենքով գողերի» համար ամենից անհարմար քրեակատարողական հիմնարկում՝ Օմսկի վարչությունում, որտեղից շատ քիչ հեղինակություններ են կարողանում դուրս գալ՝ առանց իրենց հեղինակությանը վնաս հասցնելու։ Գոչան այդ օրինաչափությունից բացառություն չդարձավ։ 2003 թվականին ՔԿՀ-ի ղվեկավարության ճնշման տակ նա գրավոր հրաժարվեց գողական ավանդույթներից։ Ավելին՝ նա սկսեց աշխատել. սնունդ էր բաժանում դատապարտյալներին և զբաղվում շինությունների մաքրությամբ։ Իսկ «օրենքով գողի» համար դա անթույլատրելի է։

Ազատվելուց 3 տարի անց Գոչան կրկին դատապարտվեց թմրանյութերի համար, այս անգամ՝ 6 տարով։ Պատժաչափը նա կրեց սովորական դատապարտյալ կարգավիճակով։ Նա միայն այս տարվա մարտին էր բանտից դուրս եկել։ Եթե մեղադրանքը հաստատվի, նա կարող է դատապարտվել մինչև 5 տարի ազատազրկման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս