Արշակյանը մեղադրվում է կաշառքով զինվորական գրքույկ հատկացնելու պատրվակով գումար ստանալու մեջ
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթ է ընդունվել զինվորական գրքույկ հատկացնելու գործընթացը կաշառքի միջոցով կազմակերպելու պատրվակով գումար ստանալու առիթով հարուցված քրեական գործը: Ինչպես տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից, Ա. Արշակյանին «մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Երևանի Մաշտոցի վարչական շրջանի զինկոմիսարիատի զորահավաքային բաժնի պահեստի զինվոր-սերժանտների հաշվառման, ամրագրման նախորոշման բաժանմունքի պետ, նախնական համաձայնության է եկել նույն բաժանմունքի տեսուչ Գ. Հայրապետյանի հետ ու նրա միջոցով, այդ զինկոմիսարիատում արդեն իսկ հաշվառված Հ. Կիրակոսյանից, վերջինիս հաշվառված լինելու մասին համապատասխան տեղեկանք և հետագայում զինվորական գրքույկ հատկացնելու գործընթացը կաշառքի միջոցով կազմակերպելու պատրվակով պահանջել և ստացել են 416.020 ՀՀ դրամին համարժեք 1000 դոլար գումար»:
Նախկինում չդատապարտված Ա. Արշակյանի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1 և 5-րդ կետերով (խարդախությունը` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնական դիրքն օգտագործելով, կաշառք ստանալու պատրվակով): Գործով մյուս մեղադրյալ Գ. Հայրապետյանին ևս մեղադրանք է առաջադրվել նշված հոդվածներով: Երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ըստ datalex-ի՝ քրեական գործին որպես ապացույց կցված են 10 հատ 100 դոլար անվանական արժեքով ԱՄՆ թղթադրամները, անձեռոցիկը, թղթադրամների և անձեռոցիկի վրայից բամբակե խծուծով վերցված նմուշները, քիմիական մատիտի և փոշու նմուշը քերվածքի ձևով, 3 ձայնասկավառակը` կնքված մեկ ծրարում: