Բաժիններ՝

Գնաճը աստիճանաբար կնվազի. ԿԲ-ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը

2013 թ. սեպտեմբերի 24-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 8.5%:
2013 թ. օգոստոսին արձանագրվել է 0.3% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.4% գնանկման դիմաց, ինչի պարագայում 12-ամսյա գնաճը սեպտեմբերի վերջին կազմել է 9.3%: Խորհուրդը համակարծիք է, որ մոտակա ամիսներին գնաճը նվազելու է՝ մոտենալով գնաճի կանխատեսվող հետագծին: Հաշվի առնելով արտաքին ու ներքին միջավայրից գնաճային ճնշումների և տնտեսական ակտիվության թուլացումը, Խորհուրդը գտնում է, որ առկա դրամավարկային պայմանների պահպանումը թույլ կտա հավասարակշռել գնաճային միջավայրի ընդլայնման և տնտեսական ակտիվության նվազման ռիսկերը: Գնաճի աստիճանական նվազման և ներքին պահանջարկի ցածր մակարդակի պահպանման դեպքում Խորհուրդը համապատասխանորեն կարձագանքի՝ թուլացնելով դրամավարկային պայմանները:
Խորհուրդն արձանագրեց, որ արտաքին հատվածի զարգացումները գտնվել են կանխատեսվածի շրջանակներում: Պահպանվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղման միտումները և ինչպես հումքային, այնպես էլ պարենային ապրանքների միջազգային շուկաներում հիմնականում գրանցվել են որոշակի գնանկումային միտումներ: Այս պարագայում, կանխատեսվող հորիզոնում արտաքին միջավայրից էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:
Խորհուրդը գնահատեց, որ ներքին տնտեսության զարգացումները բնութագրվել են ներքին պահանջարկի թուլացմամբ՝ պայմանավորված մասնավոր սպառման աճի տեմպերի դանդաղմամբ և մասնավոր ներդրումների ծավալների կրճատմամբ: Ի լրումն դրան, իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակում է զսպողական ազդեցություն ունենալ ներքին պահանջարկի վրա:
Խորհուրդը համակարծիք է, որ կարճաժամկետ հատվածում գնաճը աստիճանաբար նվազելով կվերադառնա նպատակային մակարդակին և կանխատեսվող հորիզոնում կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս