Դատական դեպարտամենտի մի շարք կարգադրիչների գործը դեռևս նախաքննական փուլում է
Ինչպես հայտնի է, ՀՀ դատական դեպարտամենտի դատական մի շարք կարգադրիչների մեղադրանք է առաջադրվել պաշտոնական դիրքը չարաշահելու, պաշտոնական կեղծիքների և խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու համար: Սեպտեմբերի 11-ին Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 308-րդ և 314-րդ հոդվածներով մեղադրանք էր առաջադրվել շուրջ 10 հոգու, այդ թվում՝ դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանին, դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանին և ուրիշների:
168.am-ը ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանից հետաքրքրվեց՝ արդյոք այս գործով կա՞ն նոր մեղադրյալներ: «Հիմա նախաքննությունը շարունակվում է, մենք ինֆորմացիան տեղադրել էինք կայքում, եթե այլ նորություն լինի, նախաքննական մարմինը որևէ բան տրամադրի, մենք անպայման կտեղադրենք»,- պատասխանեց Արմեն Մալխասյանը:
Մեր ճշտող հարցին՝ արդյոք այս պահին նոր մեղադրյալներ չկա՞ն, Արմեն Մալխասյանը պատասխանեց. «Այս պահին նախաքննությունը շարունակվում է»:
Նշենք նաև, որ ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ հարուցված քրեական գործով մեղադրյալներ Արմեն Ավագյանի, Բագրատ Արիկյանցի, Յուրա Մուշկիդյանովի և Արմեն Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննության ընթացքում պատճառված գույքային վնասը վերականգնելու նպատակով մեղադրյալ Արմեն Ավագյանի կողմից Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին վճարվել է 988.177 ՀՀ դրամ, իսկ մեղադրյալներ Գագիկ Խաչատրյանի և Արմեն Մովսիսյանի կողմից ՀՀ ոստիկանության դեպոզիտ հաշվին` 26.608.000 ՀՀ դրամ: