Չինաստանն առաջիկա 5 տարվա ընթացքում կունենա ուղեծրում գործող տիեզերական լաբորատորիա
Телеграфистъ-ի փոխանցմամբ՝ Չինաստանն առաջիկա 5 տարվա ընթացքում կունենա ուղեծրում գործող տիեզերական լաբորատորիա: Այս մասին երեկ Պեկինում բացված Միջազգային տիեզերագնացության 64-րդ կոնգրեսի ժամանակ հայտարարել է Չինաստանի պետական տիեզերական վարչության պետ Մա Սինժույը:
Վերջինիս խոսքերով՝ մինչև տարեվերջ ակնկալվում է «Չանիե-3» արբանյակի արձակումը դեպի Լուսին, որը Չինաստանի տիեզերագնացության պատմության մեջ առաջին անգամ պետք է փափուկ վայրէջք կատարի Լուսնի վրա: Սինժույը հավելել է, որ հաջորդ փուլում արբանյակը կվերադառնա Երկիր՝ իր հետ բերելով լուսնային գրունտի նմուշներ:
Սինժույը հայտարարել է, որ Չինաստանի կառավարությունը խրախուսում և աջակցում է տիեզերագնացությանը՝ որպես ազգային զարգացման կարևորագույն բաղկացուցիչներից մեկը: 2012 թվականի սեպտեմբերից ցայժմ Չինաստանը հաջողությամբ իրականացրել է 14 հրթիռակրի արձակում, որոնք տիեզերք են հասցրել 24 տիեզերական սարք: