Վարդան Պետրոսյան. «Վայ խե~ղճ Ռուսաստան, վայ խե~ղճ Ղազախստան, հայերը մտան Մաքսային միություն» (տեսանյութ)
«Վա ~խ, վա~խ, վա~խ, ես ողբում եմ Մաքսային միության համար, վայ խե~ղճ Ռուսաստան, վայ խե~ղճ Ղազախստան, հայերը մտան Մաքսային միություն, քաշվեց էդ ժողովուրդը, քոռանամ ես»,- այսօրվա ասուլիսում այսպիսի կատակով արձագանքեց դերասան Վարդան Պետրոսյանը, երբ նրան հարցրին, թե ինչ կարծիք ունի Մաքսային միություն մտնելու Հայաստանի հեռանկարի մասին:
«Ղազախստանի բոլոր լավաշի «ցեխերը» հայերինն են, էլ Բայկանուր ինչի՞ եք թռցնում, սոված մնացին էդ տիեզերագնացները… Կատակ եմ անում, իհարկե»,- շարունակեց նա:
Իսկ ավելի լուրջ խոսելով նոր զարգացումների մասին` դերասանը նախ գնաց դեպի պատմական խորքերը` նշելով, որ Ռուսաստան-Եվրոպա աշխարհաքաղաքական երկընտրանքն իրեն հիշեցնում է 20-րդ դարի սկիզբը, նույնիսկ ավելի վաղ ժամանակաշրջանները` 18-19-րդ դարերը, երբ Արևմտյան և Արևելյան Հայաստաններում «բոլորն անընդհատ կողմնորոշվում էին» և մտածում` գնալ Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան:
«Ընդ որում, երբ ուսումնասիրում ենք պատմությունը, տեսնում ենք, թե ինչպես և´ Ռուսաստանը, և´ Եվրոպան նույն ձևով խաղաղացնում էին մեզ, երբ մենք այդ «կողմնորոշման» մեջ ենք»,- ասաց Վարդան Պետրոսյանը,- «Ինչ վերաբերում է հարցին` աջ, թե ձախ, միշտ ասել եմ` մարդն ինքն իրենով պետք է կողմնորոշվի, իր պատմությամբ, իր էությամբ, որովհետև եթե դու պինդ ես կառչած քո արմատներին, այդ ժամանակ քո «աջը» կամ «ձախը» վտանգավոր չեն: Արմատները թողած` մտածում ենք` աջ, թե ձախ, բնական է, քամին որ կողմ շպրտեց, այդ կողմ էլ կգնանք»:
Վարդան Պետրոսյանը նույնպիսի բացասական կարծիք ունի բոլոր վերպետական կառույցների, այդ թվում նաև Եվրամիության մասին: Որպես երկար տարիներ Ֆրասիայում ապրած քաղաքացի` նա կարծիք հայտնեց, որ, օրինակ, Ֆրանսիան Եվրամիությունում գնալով կորցնում է իր քաղաքական և տնտեսական ուժը, և Բրյուսելն է որոշում, թե արդյոք Ֆրանսիայում պե՞տք է զբաղվեն, օրինակ, ձկնորսությամբ, թե՞ ոչ, կամ ֆրանսիացիները պե՞տք է խնձոր վաճառեն, թե՞ ոչ:
«Հիմա նույնը տեղի է ունենալու Մաքսային միությունում. Մոսկվան է որոշելու` խնձոր ծախե՞ս, թե՞ չծախես, և, ընդհանրապես, խնձոր ուտե՞ս, թե՞ չուտես: Բնականաբար, անկախության հետ կապված մենք շատ բան ենք կորցնելու: Էլ չեմ ասում` Արցախի հետ կապված…
Հասկանալի է, բնական է, Ռուսաստանի հետ չի կարելի հարաբերություններ չունենալ, բայց ես չեմ ուզում, որ մեր քաղաքական գործիչները հասցնեն նրան, որ երկիրը դառնա Ռուսաստանի ճորտը, այդպես չի կարելի: Եվ կարող էին այնպես անել, որ մենք լինեինք արժանապատիվ և´ բարոյապես, և´ քաղաքական, և´ տնտեսական առումներով»,- ավելացրեց դերասանը:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում: