«Պապան շատ լավ է ու լավ տրամադրություն ուներ». ազատամարտիկ Վ. Ավետիսյանը իր 50-ամյակը տոնել է Սովետաշենում
Սոցիալական պահանջներով ամիսներ շարունակ նստացույց անցկացրած ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, ով, ըստ պաշտպանության նախարարության քննչական ծառայության, ձերբակալվել է խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով, երեկ կալանավայրում է նշել իր 50-ամյա տարեդարձը:
Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցել է նրա որդին՝ Նորայր Ավետիսյանը:
«Հայրիկին երեկ՝ իր ծննդյան օրը տեղափոխեցին «կեպեզեից» կալանավայր՝ Սովետաշեն: Մենք նրա ծննդյան տոնը շնորհավորեցինք հեռախոսով, քանի որ տեսակցություն չէին թույլ տալիս: Հայրիկը փոխանցեց, որ ինքը շատ լավ է զգում, և ինչքան զգացինք՝ լավ տրամադրություն ուներ»:
Վ. Ավետիսյանի որդին նաև փոխանցել է, որ այսօր Վ. Ավետիսյանի փաստաբանը՝ Արա Զաքարյանը, այցելելու է Վ. Ավետիսյանին: «Այսօր փաստաբանը գնալու էր բանտ, նա մտադիր է հանդիպել հայրիկի հետ, հայրիկն ասաց, որ ինքը հայտարարություն ունի անելու, և հայտարարությունը նա կփոխանցի փաստաբանի հետ»:
Ազատամարտիկ Վ. Ավետիսյանի ծննդյան տոնը հիշում են նաեւ սոցիալական կայքերում, նրա ֆեյսբուքյան ընկերներից Վարդան Հակոբյանը հետեւյալ գրառումն է թողել իր էջում.
«Ազատամարտիկ, բանակի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալելուց դեռ ամիսներ առաջ տարբեր աստիճանի իշխանական սպասավորներ փորձել են տարբեր ձևերով կաշառել, համոզել, սպառնալ, որ նա հետ կանգնի ազատամարտիկների կենսական խնդիրների ապահովման համար պայքարից: Ամիսներ շարունակ փորձել են խոչընդոտել Վոլոդյային՝ նույնիսկ արհեստական ձևով ստեղծելով ազատամարտիկների երկրորդ խումբ, որ պիտի ստվերեր Վոլոդյայի թևին: Այն հանգամանքը, որ Վոլոդյային անհիմն ձերբակալեցին, վկայում է առնվազն երկու փաստի մասին. առաջինը, որ ստեղծված երկրորդ թևը չկարողացավ ստվերել իրական պայքարողների խմբին, երկրորդ, որ ռեժիմի զինանոցը սպառվեց ազնիվ պայքարողի դեմն առնելու համար: Շնորհավորում եմ 50 ամյակդ, հարգելի Վոլոդյա, դու ուժեղ ես այնքան, որ ռեժիմը իր փրկությունը տեսավ քեզ մեկուսացնելու մեջ, քո ձերբակալությունով նա նույնիսկ օգնեց, որ ժողովուրդը պայքարողների մեջ կարողանա թացը չորից տարբերել: Դու արդեն մի անգամ հաղթել ես թշնամուդ, ու ոչինչ չի խանգարում, որ այս անգամ նորից սուրդ փառքով դնես պատյան»:
Մանրամասները կարդացեք այստեղ՝