Վլադիմիր Կարապետյան. «Սերժ Սարգսյանը փորձ է անում գողանալ մեր եվրոպական ապագան»

«Եվրոպայի առջև Հայաստանի դռները փակեց նախագահ Սերժ Սարգսյանը, երբ Մոսկվայում հայտարարեց Մաքսային միությանը անդամագրվելու մտադրության մասին»: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը:

«Սերժ Սարգսյանը փորձ է անում գողանալ մեր եվրոպական ապագան,- ասաց նա, ապա` անդադառնալով Կառավարության կողմից կազմված Մաքսային միության միջոցառումների ծրագրերին, նկատեց,- Ես չեմ հասկանում` եթե վարչապետը իր կարծիքը չի փոխել Մաքսային միության շուրջ, այն է, որ այն նպաստավոր չէ Հայաստանի համար, ինչը նա հաստատեց օրերս լրագրողների հետ զրույցում, ապա ինչպե՞ս պետք է այդ ծրագրերը իրականացնի»:

Վլադիմիր Կարապետյանը  նշեց, որ վարչապետի նման հայտարարությունից հետո նա անմիջապես պետք է հեռացվեր պաշտոնից, որովհետև` դեմ լինելով Մաքսային միությանը, նա չի կարող կրել պատասխանատվություն իր գործունեության համար. «Եթե հանկարծ մի թերացում լինի, մի սխալ` նա ամեն պահի կարող է ասել` ես ասում էի, չէ՞, միշտ ասում էի չէ՞, որ չի ստացվի»:

Մեր հարցին, թե արդյոք վարչապետի անձնական դիրքորոշումը ի վնաս կաշխատի՞ Մաքսային միությանը անդամակցելու գործընթացի վրա, ՀԱԿ անդամը նախ պատասխանեց, թե դա Տ. Սարգսյանի անձնական դիրքորոշումը չէ, այլ` պաշտոնական, ապա հավելեց. «Ո՞նց կարող է չազդի: Դա իր պաշտոնական դիրքորոշումն է, լրագրողը հարց է տալիս, ինքն էլ պատասխանում է, նա հո իր խոհանոցում չէ՞, որ անձնական կարծիք հայտնի: Վաղը մյուս օրը մի բան այն չի լինի` կասի, ես ասում էի, զգուշացնում էի»:

Տեսանյութեր

Լրահոս