Բաժիններ՝

Խաղաղության աղոթք` Սիրիայի համար

Սեպտեմբերի 22-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Սուրբ եւ Անմահ Պատարագից հետո, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է խաղաղության աղոթք` Սիրիայի եւ հոգեհանգստյան պաշտոն` Սիրիայում զոհված բազում քրիստոնյաների համար, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Մինչ արարողության սկսվելը, ներկա գտնվող հավատացյալներին իր խոսքն է ուղղել Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունը մասնավորաբար ընդգծել է, որ Սիրիան հայ ժողովրդի համար հարազատ երկիր է, ուր հայ ժողովրդի բազում զավակներ հարյուրամյակներ առաջ եւ հատկապես Հայոց Ցեղասպանությունից հետո ապաստան են գտել եւ հնարավորություն ստացել ազատորեն կազմակերպելու իրենց հոգեւոր-մշակութային կյանքը, եկեղեցիների կամարների ներքո կերտելու իրենց պայծառ ու շեն կյանքը: Խոսելով ներկայիս Սիրիայում ստեղծված դժվարին կացության եւ սիրիահայ համայնքի կարիքների մասին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ասել է. «Մենք հորդոր եւ հրավեր ենք բերում ձեզ, սիրելի՛ հայորդիներ, որպեսզի ըստ ամենայնի զորակցություն բերեք կարիքի մեջ գտնվող ձեր եղբայրներին ու քույրերին: Մենք հրավիրում ենք ձեզ նաեւ առատացնելու ձեր մշտական աղոթքը, որովհետեւ ձեր աղոթքը մխիթարություն պիտի պարգեւի նրանց, միաժամանակ պիտի զորացնի նրանց հոգին` հաղթահարելու այդ դժվարությունները եւ խաղաղ ժամանակների հույսով ապրելու, որպեսզի կարողանան պահպանել այն ժառանգությունը, որ մեր հայրերը կերտել են Սիրիայի օրհնյալ երկրի մեջ»: Մաղթելով, որ Բարձրյալ Տերն Իր սիրո ու ողորմության մեջ պահի համայն աշխարհը եւ ողջ մարդկությունը՝ Նորին Սրբությունը աղոթել է նաեւ հակամարտության ընթացքում զոհված բազում քրիստոնյաների համար` միաժամանակ հայցելով, որ Աստված երկնային լուսեղեն հարկերում ընդունի նրանց հոգիները եւ մխիթարություն պարգեւի նրանց հարազատներին ու մերձավորներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս