
«Ի՞նչ անկախության տոն, երբ Ռուսաստանի գյուղերից մեկը դարձանք»

Այս օրերին սոցիալական ցանցերում ամենաքննարկվող թեման Հայաստանի Անկախության թեման է: Ինչպիսի՞ ձեռքբերումներ է ունեցել Հայաստանն այս 22 տարիների ընթացքում, և որո՞նք են ձախողումները: Ֆեյսբուքյան ակտիվիստ, Աբովյան քաղաքի բնակիչ Արա Ներսիսյանը 168.am-ի հետ զրույցում Անկախության տոնակատարությանն անդրադառնալիս իր դժգոհությունն արտահայտեց ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության կապակցությամբ.
«Ի՞նչ անկախության տոն, երբ Հայաստանը դարձավ Ռուսաստանի գյուղերից մեկը: Մաքսային միություն ասվածը Պուտինի հնարած տերմինն է, անգամ Youtube-ում տեսանյութ կա, որ Սովետական Միություն չի եղել, ընդամենը ռուսական կայսրությունն է եղել՝ այլ անվանումով: Մաքսային միությունը քայլ էր, որպեսզի վերականգնվի կայսրությունը: Եվրոպայի տնտեսությունը 8 անգամ գերազանցում է Ռուսաստանի տնտեսությանը: Մի կենցաղային օրինակ ասեմ. ամենառուսամոլ մարդը տեխնիկա գնելիս երբեք ռուսական արտադրության տեխնիկա չի գնում, այլ գերմանականն է հարցնում խանութներում:
«Անծայրածիր» տարածքներ ունեցող երկիրը ցորեն, կաթնամթերք է ներմուծում: Այդ երկիրը չունի կառավարման համակարգ: Ալկաշ, անբան հարևանի հետ պետք չէ գործ բռնել, ում պարբերաբար բարեկամներն են փող ուղարկում արտասահմանից, իսկ այդ գազն ու նավթը մի օր վերջանալու են, ու արդեն իսկ պարզ է, թե երբ: Ակնհայտ է, որ Հայաստանը շանտաժի արդյունքում ստորագրեց այդ փաստաթուղթը, բայց պատերազմ միշտ կարող է լինել և կլինի: Լավ, մինչև ե՞րբ պետք է դամոկլյան սուրը մեր գլխի վերևում լինի: Թեթև պատերազմ հնարավոր է լինի, բայց ոչ ավելին: Ալիևին, թող Աստված երկար կյանք տա, նա երբեք լուրջ ռազմական գործողությունների չի դիմի, իզուր չէ այդքան միլիարդներ կուտակել»,- ասում է ակտիվիստը և հույս հայտնում, որ մի օր կարժևորենք մեր անկախությունը: