Բաժիններ՝

Անկախության երթ` Ազատության հրապարակից մինչև նախագահական նստավայր (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր` ՀՀ անկախության 22-ամյա տարեդարձին, մի խումբ երիտասարդ ակտիվիստների նախաձեռնությամբ, անցկացվեց «Անկախության համազգային երթ», որը սկսվեց Երևանի Ազատության հրապարակից: Երիտասարդները պաստառներով և Հայաստանի հսկայական դրոշներով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղից Մաշտոցի պողոտայով բարձրացան Բաղրամյան պողոտա: Երթի մասնակիցների վերջնակետը Բաղրամյան 26-ն էր` ՀՀ նախագահի նստավայրը, սակայն դեռ Ազգային Ժողովի շենքի դիմաց` Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում, ոստիկանական շղթան փակեց նրանց ճանապարհը: Ստեղծվեց բավական լարված իրավիճակ, քանի որ երթի մասնակիցները բավական երկար ժամանակ փակել էին ճանապարհը` վարորդներին և հասարակական տրանսպորտի ուղևորներին կոչ անելով միանալ իրենց շարժմանը:

ert01

Ի վերջո,  երթի մասնակիցների և ոստիկանության միջև կայացավ համաձայնություն, և ակտիվիստները շարժվեցին վերև, սակայն նրանց թույլատրվեց ակցիան շարունակել միայն Բաղրամյան 26-ի հակառակ մայթից: Անկախության երթի մասնակիցներն այստեղ նույնպես պահանջեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, թեև նշենք, որ այդ պահին Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում չէր (մանրամասները` 168.am-ի տեսանյութում):

ert

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ «Անկախության համազգային երթի» նպատակը Մաքսային միություն մտնելու` Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունից հետո Հայաստանի անկախությանը սպառնացող իրական վտանգի վրա ուշադրություն սևեռելն էր:

«Մենք մերժում ենք Սերժ Սարգսյանի կողմից ընդունված որոշումները կամ հայտարարությունները, որոնք հակասում են 1990թ. ՀՀ անկախության մասին հռչակագրին և 1991թ. Անկախության հանրաքվեի արդյունքներին: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և որևէ մեկի որոշումը գերակա չի կարող լինել 22 տարի առաջ Անկախության օգտին քվեարկած 2 միլիոնից ավելի քաղաքացիների որոշումից»,- նշված էր երթի նախաձեռնողների հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս