Փոխարժեքի տատանման հետևանքով ՀՀ արտաքին պարտքն ավելացել է
Հայաստանի արտաքին պարտքը 2012 թվականի վերջի դրությամբ կազմել է 7630.4 մլն ԱՄՆ դոլար, որից 3 մլրդ 889.5 մլն ԱՄՆ դոլարը Կառավարության և Կենտրոնական բանկի արտաքին պարտքն է, 1 մլրդ 929.0 մլն դոլարը` առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների պարտքը (ներառյալ՝ միջֆիրմային վարկերը), 1811.8 մլն դոլարը` ոչ բանկ մասնավոր հատվածի պարտքը (ներառյալ՝ միջֆիրմային վարկերը):
2012 թ-ի ընթացքում ՀՓԻ (հատուկ փոխառության իրավունք) նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի արժեզրկման հետևանքով Համաշխարհային բանկից, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից, Ասիական զարգացման բանկից և ԱՄՀ-ից ՀՓԻ-ով ներգրավված պարտքը համապատասխանաբար ավելացել է 1.6 մլն դոլարով և 0.8 մլն դոլարով, իսկ եվրոյի նկատմամբ դոլարի փոխարժեքի արժեզրկման հետևանքով եվրոյով ներգրավված պարտքն ավելացել է 6.2 մլն դոլարով` նախորդ տարվա 5.1 մլն դոլար նվազման փոխարեն:
ԿԲ բանբերի համաձայն՝ ճապոնական իենի նկատմամբ դոլարի փոխարժեքի արժևորման հետևանքով Ճապոնիայից ներգրավված պարտքը նվազել է 38.9 մլն դոլարով, նախորդ տարվա 19.5 մլն դոլար աճի փոխարեն: Փոխարժեքների տատանման հետևանքով արտաքին վարկերի մնացորդը նվազել է 30.4 մլն դոլարով: Նշենք նաև, որ հիմնական արժույթների նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկման հետևանքով դրամային արտահայտությամբ աճել են ինչպես Կառավարության արտաքին վարկերի սպասարկման ծախսերը, այնպես էլ ներգրավված վարկերի ծավալները: