Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը պարգևատրել է

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի ոլորտների, սփյուռքի մի խումբ ներկայացուցիչներ, զինված ուժերի, իրավապահ մարմինների զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են նաև պատվավոր և զինվորական բարձրագույն կոչումներ:

Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած այդ անձանց Հանրապետության Նախագահն այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ հանձնել է պարգևները, շնորհավորել և մաղթել հաջողություններ:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքն անկախության հռչակման 22-րդ տարեդարձի առթիվ պարգևատրման արարողության ժամանակ
Սիրելի՛ բարեկամներ,

Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ: Մեզնից յուրաքանչյուրը անհատապես և մենք հավաքականորեն ուժեղ ենք մեր անկախ պետականությամբ: Իսկ պետությունը ուժեղ է ձեզ նման մարդկանցով, ովքեր իրենց աշխատանքով ու ծառայությամբ լիարժեք շունչ են հաղորդում պետական կառույցներին և հասարակությանը: Ավելին՝ պետությունը հենց մարդիկ են, և առաջին հերթին կարող մարդիկ: Որքան շատ բան դուք կարողանաք անել ձեր ոլորտներում, այնքան ավելի հզոր կլինենք մենք որպես հավաքականություն և որպես երկիր:

Շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ: Իհարկե, սա հաճելի փաստ է, բայց այս իրողությամբ ձեր գործը չի թեթևանում: Ընդհակառակը՝ դուք ձեր ուսերին եք առնում ավելի մեծ պատասխանատվություն: Ձեզ ի ցույց են դնելու, որպես արժանավորի, որ մեծ ծառայություններ ունի հայրենի երկրի և ժողովրդի առաջ:

Իմ տպավորությամբ այս սրահում, ի դեմս պարգևատրվածների, ներկայացված են մեր հասարակության գրեթե բոլոր շերտերը: Սա ևս մեկ վկայություն է այն փաստի, որ բոլոր բնագավառներում մենք ունենք իրենց գործի իսկական նվիրյալներ, քաղաքացիական հստակ դիրքորոշում և մասնագիտական բարձր կարողություններ ունեցող մարդիկ:

Սիրելի՛ բարեկամներ,

Ինձ համար հաճելի է նման պարտականություն կատարել, որովհետև սա նաև առիթ է հանդիպելու և Հայաստանի ժողովրդի անունից մեծարելու նրանց, ովքեր դրան արժանի են: Ցանկանում եմ, որ մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի բարեխիղճ աշխատանքը և լուրջ ձեռքբերումները տեսնվեն ու գնահատվեն, չմնան ստվերում:

Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ բոլորիդ:
Շնորհակալություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս