Վլադիմիր Գասպարյանը` Անկախության և պարբերաբար հնչող կրակոցների մասին
Այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում` խոսելով Անկախության տոնի մասին, ըստ ԳԱԼԱ-ի` ասել է. «Երբ միասնական ենք լինում` մենք միշտ հաղթանակների ենք գնում, երբ սկսում ենք առանձնանալ` միշտ կորուստներ ենք ունենում: Անկախությունը դա մեր ազգային ինքնադրսևորման լավագույն օրինակն է»:
Խոսելով բողոքի ակցիաներին` Վ. Գասպարյանը ասել է, որ դա խոսում է այն մասին, որ մենք նորմալ պետություն ենք կազմում, որտեղ ամեն մեկն իրավունք ունի իր կարծիքն ասելու: Հարցին, թե ինչպիսի՞ն է իր դիրքորոշումը Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ, ՀՀ ոստիկանապետն ասել է. «Նախ եւ առաջ ես գտնում եմ, որ գերտերությունները միշտ ունենում են իրենց շահերը, եւ այս օրինակը բացառություն չէ: Գերտերությունների պարագայում մենք ընդամենը մի համեստ պետություն ենք, եւ եթե նայենք մարդկային ռեսուրսները, մեծ տնտեսություն, զինված ուժեր, մենք զիջում ենք, եւ այս պարագայում ես կարծում եմ, որ իմաստուն որոշում է կայացվել»: Վ. Գասպարյանը սակայն հավելել է, որ Հայաստանի ինքնիշխանությանը վտանգ չի սպառնում:
Հարցին, թե ոստիկանական համակարգում բարեփոխումները կարծես թե համակարգը չեն առողջացնում, եւ շատերը դժգոհ են ոստիկանների գործողություններից` հատկապես բողոքի ակցիաների ժամանակ, այս առնչությամբ նա ասել է. «Ցանկացած քննադատություն, որն առողջ է, իհարկե մեզ նպաստում է, դրա համար շնորհակալ եմ»: Ոստիկանապետը նաեւ հայտնել է, որ ակցիաների ժամանակ ոստիկանության գործողություններն իրավաչափ են եղել:
ԳԱԼԱ-ի այն հարցին, թե ամիսներ առաջ Դուք հայտարարեցիք, որ կազմակերպելու եք բոլոր նրանց արտագաղթը, ովքեր հարցերն արյունով են լուծելու, սակայն Հայաստանի տարբեր շրջաններում դարձյալ հնչում են կրակոցներ, դա ինչպե՞ս կմեկնաբանեք, ոստիկանապետն ասել է. «Կրակոցներն անընդհատ շարունակվելու են, քանի դեռ ամբողջ հասարակությունը դա չի ընդունում եւ չի վանում իրենից, իսկ մեր գործողությունն է, որ նմաններին արտաքսենք»: Դիտարկմանը, թե այդպես էլ գողականների անունները չնշեցիք, Վ. Գասպարյանը ասել է. «Թող մի քիչ էլ հետաքրքիր մնա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: