
Մենք դեմ չենք «Հարավային հոսքին», սակայն այն առաջնահերթ չէ ԵՄ-ի համար. Գյունտեր Օթթինգեր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` էներգետիկ գծով եվրահանձնակատար Գյունտեր Օթթինգերը հայտարարել է, որ ներկայումս ԵՄ-ի համար «Հարավային հոսք» գազատարը չի հանդիսանում առաջնահերթ նախագիծ, և որ այն չի ստանա հատուկ ֆինանսավորում.
«Հարավային հոսքը մեր արևելյան գործընկերներից ստացված գաղափար է: Սակայն այդ գազատարը մեզ չի տալիս էներգիայի որևէ նոր աղբյուր: Այն նաև չի բարձրացնում ԵՄ-ի էներգետիկ շուկայում մրցունակությունը: Մենք դեմ չենք «Հարավային հոսքին», սակայն այն առաջնահերթ չէ ԵՄ-ի համար»:
Ռուսաստանի կողմից առաջ քաշված «Հարավային հոսք» գազատարի կառուցումը մեկնարկել է 2012 թվականի դեկտեմբերի 7-ին, Անապայի շրջանում: Այն պետք է ունենա 4 ճյուղ, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը կազմելու է 15.75 միլիարդ խորանարդ մետր:
Այդ խողովակաշարով գազամատակարարումները մեկնարկելու են 2016 թվականի առաջին եռամսյակին: Խողովակաշարն իր ողջ հզորությամբ (տարեկան 63 միլիարդ խորանարդ մետր) գործելու է 2018 թվականին: Գազատարի նախագիծը գնահատվում է 16 միլիարդ եվրո: