
Սիրիայում «Ալ-Քաիդային» են միացել ապստամբների մի քանի հարյուր զինյալ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` «Ալ-Քաիդայի» հետ կապված կազմակերպություններին միանալու մասին հայտարարել են Սիրիայի հյուսիսում ու արևելքում գործող մի քանի հարյուր զինյալ:
Սիրիայի արևելքում ընկած Ռաքքա քաղաքի խռովարարների ներկայացուցիչը հայտարարել է, որ դա վկայում է այն մասին, որ արմատական խմբերի ազդեցությունն աճում է նախկինի նման: Նա հավելել է, որ այդ շրջանը կարող է հայտնվել մոջահեդների ձեռքում, ինչը կարող է դառնալ միտում:
Վերջին օրերին Ռաքքա նահանգում գործող ընդդիմության առվազ երկու «բրիգադ» հայտարարել է ողջ կազմով «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորմանն իրենց միանալու մասին, որը սերտ կապեր ունի «Ալ-Քաիդայի» հետ: Խոսքը գնում է մոտ 750 զինյալի մասին:
Վերլուծաբանները «Ալ-Քաիդայի» մասնաճյուղերին միանալու զինյալների ձգտումը բացատրում են նրանով, որ ռազմական առումով նրանք ավելի ուժեղ են, քան` արևմտամետ ապստամբական խմբավորումները:
«Ալ-Քաիդայի» հետ կապված «Իրաքում ու Լևանտում իսլամական պետություն» խմբավորման զինյալները Թուրքիային սահմանակից Ազազ քաղաքից դուրս են մղել Սիրիական ազատ բանակի ուժերին: Դրանից հետո նրանց միջև կնքվել է հրադադար: