ԱՄՆ արտահանված պանիրը արտահանումից առաջ եղել է անվտանգ
Ի պատասխան ԱՄՆ առողջության և հանրային ծառայությունների վարչության սննդամթերքի և դեղամիջոցների ադմինիստրացիայի պաշտոնական կայքում տեղ գտած և զանգվածային լրատվամիջոցներով տարածված հաղորդագրություններին՝ հայտնում ենք, որ «ԱՄՄ» ՍՊԸ-ի կողմից ս.թ. հունիս ամսին ԱՄՆ արտահանված N69-A խմբաքանակի պանիրը եղել է 15.05.2013թ. արտադրության և 6 ամիս պիտանիության ժամկետով: Տվյալ խմբաքանակի (1000կգ) պանիրն ամբողջությամբ արտահանվել է ԱՄՆ և չի իրացվել ՀՀ շուկայում: Արտահանումից առաջ՝ ս.թ. հունիսի 11-ին, խմբաքանակի համար տրված լաբորատոր փորձաքննության եզրակացության հիման վրա (որով խմբաքանակը ճանաչվել է անվտանգ) Ծառայությունը ս.թ. հունիսի 18-ին տվել է անվտանգության սերտիֆիկատ: 2013թ. հունիսի 18-ին ՀՀ-ից արտահանված պանրում ԱՄՆ առողջության և հանրային ծառայությունների վարչության սննդամթերքի և դեղամիջոցների ադմինիստրացիայի կողմից արձանագրված խախտումների մասին հրապարակումը ադմինիստրացիայի պաշտոնական կայքում հրապարակվել է սեպտեմբերի 13-ին: Ծառայությունը պատասխանատվություն չի կրում արտահանվող բեռների փոխադրման, պահման և իրացման պայմանների համար:
2013թ.-ի օգոստոս ամսին ԱՄՆ առողջության և հանրային ծառայությունների վարչության սննդամթերքի և դեղամիջոցների ադմինիստրացիայի պաշտոնական կայքում տեղ է գտել հայտարարություն նաև մեկ այլ արտադրողի՝ «Արսեն և Ներսես» ՍՊԸ-ի կողմից արտադրված և ԱՄՆ արտահանված գազավորված ոչ ալկոհոլային խմիչքների (լիմոնի և անանուխի, դեղձի, նարնջի, բալի) վաճառքի արգելանքի մասին, որը կիրառվել էր՝ հիմք ընդունելով դրանցում ԱՄՆ օրենսդրությամբ արգելված կամ չմակնշված գունանյութերի առկայությունը: Տվյալ գունանյութերը, ՀՀ օրենսդրության համաձայն, համարվում են թույլատրելի:
Այլ արտադրողների և արտադրատեսակների մասին ԱՄՆ առողջության և հանրային ծառայությունների վարչության սննդամթերքի և դեղամիջոցների ադմինիստրացիայի պաշտոնական կայքում առկա այլ հաղորդագրություններին հարկ չենք համարում անդրադառնալ, քանի որ դրանք ժամանակավրեպ են: Հարկ է նշել, որ վերոնշյալ ադմինիստրացիայի կողմից կիրառված սահմանափակումները վերաբերում են ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլ նաև այլ երկրներին, իսկ ԱՄՆ պետական վերահսկողությունը կատարվում է ԱՄՆ օրենսդրության պահանջներին համապատասխան և ԱՄՆ շուկաներում առկա ապրանքների նկատմամբ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացնում է պետական վերահսկողություն ՀՀ շուկայում առկա, ՀՀ-ից արտահանվող և ՀՀ ներմուծվող ապրանքների խմբաքանակների նկատմամբ միայն ՀՀ տարածքում:
Համացանցում առկա պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկատվությունը հասանելի է նաև Ծառայությանը, և Ծառայությունն այն օգտագործում է իր կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում: Վերահսկողության իրականացման ընթացքում անհամապատասխանությունների և վտանգի աղբյուրների հայտնաբերման դեպքում իրականացվում են ՀՀ օրենսդրությամբ ամրագրված գործողություններ, որոնց մասին տեղեկացվում է հանրությանը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն