
Վրաստանում պրոֆեսիոնալ կրթությունը կդառնա անվճար

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Կրթության ու գիտության նախարարության նախաձեռնությունը, ըստ որի՝ պետական պրոֆեսիոնալ կրթական հիմնարկներում ուսուցումը դառնալու է անվճար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կրթության նախարար Թամար Սանիկիձեն.
«Մինչ այս գործում էր վաուչերների համակարգը, որը նախատեսում էր մեկ ուսանողին ֆինանսավորել 1000 լարիի (մոտ 600 դոլար) չափով: Դա ոչ ադեկվատ էր և ոչ բավականաչափ: Դրանով ֆինանսավորվում էր միայն առաջին կամ մասամբ երկրորդ աստիճանը: Ուսուցման ողջ կուրսը կարող է բաղկացած լինել 5 աստիճանից:
Այժմ ուսանողն ամբողջությամբ կֆինանսավորվի պետության կողմից, եթե նա թեստերի արդյունքներով հաղթահարի նվազագույն բանիմացության արգելքը: Ֆինանսավորման նոր ձևաչափը բաժանված է երկու մասի. մի մասը ենթադրում է վարչակազմի ֆինանսավորում, իսկ երկրորդ մասը՝ ծրագրային ֆինանսավորում, որը կախված կլինի քոլեջում ուսանողների քանակից»: