Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ Հայաստանը ԵՄ-ի հետ փաստաթուղթ կստորագրի
Հնչող հայտարարություններից կարող ենք եզրակացնել, որ Խորը և համափարփակ ազատ առևտրի համաձայնագիրը Հայաստանը նոյեմբերին Վիլնյուսում չի ստորագրի, բայց փոխարենը կստորագրի մի փաստաթուղթ, որը չի հակասի Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշմանը: Այս մասին քիչ առաջ Անի հյուրանոցում կազմակերպված «Երկխոսություն ԵՄ-ի հետ, հնարավորություններ և հեռանկարներ» թեմայով սեմինար-քննարկման ժամանակ հայտարարեց Դավիթ Շահնազարյանը: Նա ընդգծեց, որ ԵՄ հետ հնարավոր է գտնել համագործակցության այնպիսի կարգավիճակ, որի արդյունքում ՀՀ-ն կշարունակի մնալ Ասոցացման ծրագրում. «Ասոցացման բառը կլինի հարաբերություններում: Խորը և համապարփակ ազատ առևտրի շուրջ կատարած աշխատանքները կորած չեն: Ես ակնկալում եմ նաև Եվրամիության բարձր պաշտոնյաներից նման մոտեցում, որպեզի Հայաստանի համար հնարավոր լինի գտնել որոշակի ցածր տեղ Մոլդովայի, բայց ավելի բարձր մակարդակ Բելառուսի համեմատ»: Մաքսային միությանը անդամագրվելու մտադրության հայտարարությանը հաջորդած Եվրոպայի առաջին արձագանքը Դավիթ Շահնազարյանը գնահատեց զգացմունքային, ապա նշեց, որ իր անձնական շփումները եվրոպացի դիվանագետների հետ առաջացրել են համոզմունք, թե հնարավոր է համագործակության ձևաչափ գտնել ՀՀ հետ. «Հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունները ամեն ինչ կանեն ստորագրելու ասոցացման փաստաթուղթ, որը կապահովի մեր գոնե ցածր տեղը»: Դ. Շահնազարյանը շեշտեց նաև, թե բացառում է, որ Հայաստանը կդառնա Մաքսային միության լիարժեք անդամ՝ թե տնտեսական, թե քաղաքական դրությունից ելնելով: Ըստ նրա՝ ստեղծված ծանր շրջանում պետք է ամեն ինչ անել, առավելագույնը կատարել Եվրապայի հետ համագործացելու համար: