
Ով կդառնա ԵԿՄ նախագահ

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` իշխանությունները մտադիր են Երկրապահ կամավորական միությունը հանձնել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, այսինքն՝ նրան նշանակել ԵԿՄ նախագահ:
Բանն այն է, որ թեև ԵԿՄ գործող նախագահ, պատգամավոր Մանվել Գրիգորյանը մոտ օրերս դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն նրա առողջական վիճակը չի կարգավորվել: Հիշեցնենք, որ նա ամռանը վիրահատության էր ենթարկվել Գերմանիայում, բայց Հայաստան վերադառնալուց հետո կրկին վատացել և հիվանդանոց էր տեղափոխվել: Մեր տեղեկություններով՝ նա օրերս հանդիպել է ԵԿՄ պատասխանատուների հետ և տեղեկացրել, որ առողջական խնդիրների պատճառով միգուցե հրաժարվի նախագահությունից:
Ի դեպ, Մ. Գրիգորյանը մինչ այս իր մերձավոր շրջապատում հայտարարում էր, որ իրենից հետո կցանկանար ԵԿՄ նախագահի պաշտոնում տեսնել պատգամավոր և իր մտերիմ Սեյրան Սարոյանին կամ ՀՅԴ անդամ Արթուր Աղաբեկյանին: Վերջինս, ինչպես գիտենք, Լեռնային Ղարաբաղում փոխվարչապետ է, իսկ Ս. Սարոյանն ինքն էլ առողջական խնդիրներ ունի և ամռանը բուժման նպատակով արտերկիր է մեկնել: Եվ ահա, իշխանությունները որոշել են ԵԿՄ-ի նախագահությունը հանձնել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Կարդացեք սկզբնաղբյուր կայքում: