Նա դուրս եկավ մեքենայից և շարժվեց Շիրակացի, իսկ հետո գտան սպանված… Տեսանյութեր Կարեն Եսայանի սպանությունից առաջ
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Կարեն Եսայանի սպանության գործով դատաքննության ժամանակ ցուցադրվել է 2012 թ-ի ապրիլի 11-ի երեկոյան և 12-ի առավոտյան այն ավտոլվացման կետի տարածքի նկարահանումները, որտեղ իր սպանության օրը և դրան նախորդող օրը եղել է Կարեն Եսայանը: Հենց այդ ավտոլվացման կետում են նրան տեսել վերջին անգամ, իսկ այնտեղից դուրս գալուց հետո գտել են արդեն սեփական մեքենայի մեջ սպանված:
Նախ ցուցադրվեց նշանադրության նախորդ օրվա կադրերը, երբ Կարեն Եսայանը իր ընկերներից մեկի հետ տարել է իր Մերսեդես մակնիշի ավտոմեքենան ավտոլվացման կետ՝ այն լվանալու: Սակայն մեքենան որոշել է թողնել այնտեղ առավոտյան վերցնելու պայմանով, քանի որ դրսում անձրև է եղել:
Դատարանում տեսանյութի ցուցադրմանը զուգահեռ պետմեղադրողը ներկայացնում էր վերծանված տարբերակը.
«Ավտոլվացման կետի տարածք է մտնում արծաթագույն Մերսեդես մակնիշի մեքենա, նրա հետևից ընթացող մեկ ուրիշ արծաթագույն Մերսեդես մակնիշի ավտոմեքենա, ավտոլվացման կետի տարածք մտնող մուտքից մոտ 10 մետր առաջ գնալով, կանգնում է Շիրակացի փողոցի վրա՝ ավտոլվացման կետի դիմացի մայթին՝ ավտոմեքենայի դիմային մասը ուղղելով փողոցի կողմը»:
Դատախազը ներկայացրեց, որ առաջին մեքենայի վարորդը տուժողն է եղել՝ Կարեն Եսայանը, ով իր ընկերոջ՝ Լեքսուս մեքենայի վարորդի հետ եկել էր մեքենաները լվանալ տալու, իսկ երկրորդ մեքենայի վարորդը, ըստ պետմեղադրողի, Հարություն Սարգսյանն է եղել, ով ավելի քան 50 րոպե մնացել է տարածքում և հեռացել է, երբ նաև Կարեն Եսայանն է հեռացել, թողնելով իր մեքենան, պաղպաղակ վաճառող հիշեցնող մի միկրոավտոբուսով:
Ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանը ներկայացրեց քրեական գործում առկա հարցաքննության արդյունքները, որ Հարություն Սարգսյանը այնտեղ էր, քանի որ եկել էր իր անսարք մեքենան վերանորոգել տալու, իսկ վերանորոգման սրահը ավտոլվացման կետի տարածքում էր, բայց քանի որ նա տեսնում է, որ մեքենաներ կան, զբաղված են «ստենդներ», որոնց վրա կանգնեցնում են մեքենան վերանորոգելիս, դրա համար սպասում է և հեռանում է, քանի որ նրան է զանգահարում քույրը:
«Հետո տեսեք՝ երևում է, որ լվացել են ավտոմեքենան և լվանալուց հետո ամբողջ մեքենան սրբում են շորով, խնդրում եմ ուշադրություն դարձրեք այն պատճառով, որ մեքենայի վրա հետագայում մատնահետքեր են հայտնաբերվել, և պարզվել է, որ դրանք չեն համապատասխանում ավտոլվացման կետի աշխատակիցների մատնահետքերին, դրանք չեն կարող լինել այլ մատնահետքեր, քան հանցագործի մատնահետքերն են: Դրանք Հարություն Սարգսյանի մատնահետքերի հետ չեն համընկնում:
Բացի դրանից, այստեղ տպավորություն են փորձում ստեղծել, որ Կարեն Եսայանը այն ընթացքում, որ գտնվում էր տարածքում, այնտեղ էր նաև Հ. Սարգսյանը:
Քրեական գործի նյութերով մենք ունենք անձանց ցուցմունք, և այն անձը՝ Հարություն Սարգսյանը, պետք է գնար իր մեքենան վերանորոգելու:
Կամ որ ասում են՝ հեռացող մեքենաների ուղղությամբ է շարժվել, հետագայում էլ չի շարժվում դրանց ուղղությամբ: Հնարավորություն կունենանք ապացուցելու, թե ուր էր այդ ընթացքում Հ. Սարգսյանը գտնվում, բայց որ չի հետապնդում, մի բան ակնհայտ է:
Տեսանյութի շարունակության մեջ կրկին նկատելի է, որ որոշ ժամանակ անց նույն Մերսեդեսը նորից հետ է գալիս ավտոլվացման կետի տարածք: Լուսինե Սահակյանը բացատրեց, որ դա լավագույն ապացույցն է այն բանի, որ Հարությունը եկել էր մեքենայի լուսարձակը վերանորոգելու:
«Տրամաբանությունը ո՞րն է, եթե, ձեր ասելով, հետևում է, ուրեմն տեսե՞լ է, չէ՞, որ Կարենը հեռացել է, մեքենան թողել է, էլ ինչու՞ պիտի վերադառնար: Նա վերադառնում է լուսարձակը սարքելու»:
Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: