Բաժիններ՝

Ինչ վիճակում են հայ-թուրքական առևտրային հարաբերությունները՝ «Ֆուտբոլային» չհաջողված դիվանագիտութունից հետո

«Ֆուտբոլային» չհաջողված դիվանագիտութունից հետո Հայաստանի և Թուրքիայի միջև պետական հարաբերությունները շարունակում են սառեցված մնալ: Տնտեսական առումով փոփոխությունը միայն թուրքական և ադրբեջանական ծագում ունեցող կենդանական ու բուսական հումքի և մթերքի ՀՀ տարածք ներկրման արգելքի վերացումն է, որը գործում էր 2009թ. սեպտեմբերից:

 168.am-ի հետ զրույցում Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ ապրանքաշրջանառության կտրուկ աճ չի եղել, նույն ծավալները պահպանվում են. «Մի քանի տարի առաջ անվտանգությունից ելնելով մի քանի մթերքների վրա դրված արգելանքն այժմ հանվել է, ավելի ազատ ենք մոտենում հարցին»:

 Ըստ նրա՝ հայ-թուրքական հարաբերություններում ոչ մի այլ նորություն չկա, Վան-Երևան չվերթը, որի լիցենզիաները տրվել էին, տոմսեր էին վաճառվել, անհասկանալի պատճառներով անորոշ ժամանակով կասեցվեց ու այլևս չի խոսվել այդ մասին. «Այժմ զբոսաշրջության շրջանը փակվում է, Երևան-Վան չվերթին կերադառնանք փետրվարին, երբ ուխտագնացության ակտիվ շրջանը կրկին կբացվի»:

 Ա.Ղազարյանը նշեց, որ շարունակվում է մշակութային կապը, թուրքերը որոշ եկեղեցիների վերականգնում են անում, Թուրքիայի հասարակության պրոգրեսիվ մասը շարունակում է ջատագովել ՀՀ հետ հարաբերությունները զարգացնելու և Ցեղասպանության ճանաչելու առումով: Օգոստոսին Վանում կազմակերպվել է երիտասարդ հայ և թուրք գործարարների համաժողով, որը, ՀԳԱՄ նախագահի խոսքով, շատ ոգևորիչ անցավ, բայց էական տեղաշարժեր չկան:

 «Շարունակելու ենք աշխատանքը միության շրջանակներում, ստեղծում ենք սպասողական պատրաստ վիճակ, եթե թուրքական կողմի դիրքորոշումը փոխվի, միայն այդ դեպքում հնարավոր են զարգացումներ: ՀՀ-ում սոցիալական, տնտեսական, քաղաքական խնդիրներ չունենք, խնդիրը թուրքերի մոտ է»,- նկատեց Ա.Ղազարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս