«Պարոն Սարգսյանը հանուն Հայաստանի պետք է հեռանա». Րաֆֆի Հովհաննիսյան
Սեպտեմբերի 20-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ մեկտեղ Ազատության հրապարակում ներկա կգտնվեն տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Այդ օրը կտեսնեք ամենատարբեր կուսակցությունների, երիտասարդների, քաղաքացիական խմբերի ներկայացուցիչներ: Սա ոչ Րաֆֆու, ոչ «Ժառանգության» նախաձեռնությունը չէ: Կլինեն մարդիկ, ովքեր մտահոգ են, վաղուց չեն եղել հարթակի վրա»,- նշեց նա` ավելացնելով, թե ինքը զրուցել է քաղաքական, քաղաքացիական գոծիչների հետ, կապի հետ է իրենց մեջ: Իսկ այն հարցին, թե արդյոք կարո՞ղ է Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ որոշ քաղաքական ուժերի դժգոհությունը միավորել` իշխանության դեմ պայքարելու համար, Րաֆֆի Հովհաննիսյանը հստակ պատասխան չտվեց և կրկնեց, թե կուսակցությունների, քաղաքացիական շարժումների գիտակցումը պետք է տաքանա, որ խաչմերուկ լինի այս կամ այն հրապարակում:
Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է հրաժարվում ղեկավարել շարժումը, նա պատասխանեց. «Ես ինքս չեմ պատրաստվում ղեկավարել շարժումը: Որքան իմ ուժը հերիքեց, ես լուսամուտ բացեցի: Ժողովրդի մեծամասնությունը իր ձայնը տվեց ինձ, ես պատասխանատվություն ունեմ, բայց մենակ իրացնել չեմ կարող, պետք է հավաքական պատասխանատվություն: Ես ժողովրդի կողմից ընտրված քաղաքացի եմ, համարում եմ, որ այս իշխանությունը ապօրինի է, բայց ոչ մեկ միայնակ չի կարողանալու իշխանափոխություն անել: Կարծում եմ` նոր մեթոդաբանություն է պետք: Շատ եմ ցանկանում, որ մարդիկ, որոնք դժգոհ են այս կամ այն հարցից, ավելի լավը կարող են անել, պատրաստ են հաղթահարել ներքին տարաձայնությունները, գան ու ստեղծեն հավաքական պատասխանատվությունը, որը անհրաժեշտ է իշխանափոխության համար»:
«Ժառանգության» առաջնորդը շեշտեց նաև, որ թե ներքին, թե արտաքին ձախողումներից հետո «պարոն Սարգսյանը հանուն Հայաստանի պետք է հեռանա»: