Եթե Սաակաշվիլին վարվեր խելամիտ, ապա Ռուսաստանն իր զորքերը չէր մտցնի Վրաստան. Բիձինա Իվանիշվիլի

Լատվիական Telegraph պաբերականին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ եթե Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վարվեր խելամիտ,ապա Ռուսաստանն իր զորքերը չէր մտցնի Վրաստան.

«Մենք բոլորս գիտենք, թե իրեն ինչպես է պահում Ռուսաստանը: Նա ագրեսիա է իրականացրել անկախ երկրի դեմ, որի 20 տոկոսը ներկայումս օկուպացված է: Ռուսաստանի կողմից ամեն ինչ հասկանալի է, նա արել է այն, ինչը և պետք է աներ: Սակայն յուրաքանչյուր քաղաքացի պետք է հարցնի ինքն իրեն և իր կառավարությանը:

Եթե Սաակաշվիլին վարվեր խելամիտ, չգործեր հիմարություններ, ապա Ռուսաստանն իր զորքերը չէր մտցնի Վրաստան: Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ. ինչ-որ անհասկանալի բանդաներ երեք օր կրակել են վրացական գյուղերի ուղղությամբ: Դեռ ոչ ոք չէր սպանվել, միայն մեկ տանն էին դիպել բեկորները: Հետագայում դա երեք օր ցուցադրեցին հեռուստատեսությամբ:

Անհրաժեշտ էր տարհանել այդ գյուղերի բնակչությանը, դիտորդներ կանչել Եվրոպայից, սկանդալ բարձրացնել, և այդ ամենը կարող էր ավարտվել դրանով: Իսկ ի՞նչ արեց նա: Նա մտցրեց տանկեր, օդ բարձրացրեց ինքնաթիռներ, ինչից հետո Վրաստան մտան ռուսական կանոնավոր զորքեր: Սաակաշվիլին չպետք է պատասխաներ:

Ես չեմ ցանկանում համեմատություններ անել, թե ով է ավելի մեղավոր այդ պատերազմի համար, Պուտինը՞, թե՞ Սաակաշվիլին: Ռուսաստանը մեղավոր է: Վրաստանն ինքնիշխան երկիր է, Ռուսաստանն իրավունք չուներ իր զորքերը մտցնել նրա տարածք: Դա չունի որևէ արդարացում:

Ինչ վերաբերում է Աբխազիան և այսպես կոչված Հարավային Օսիան Վրաստանի կազմ վերադարձնելուն, ապա դա շատ բարդ է, և չի կարող լուծվել արագորեն: Սակայն այդ հարցը կլուծվի հետագայում:

Միայն կոռեկտ, դիվանագիտական պահվածքի շնորհիվ մեզ հաջողվեց բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները, առաջ ընթանալ մեռյալ կետից: Արդեն իսկ վերականգնված են առևտրային հարաբերությունները:

Ավելի քան 40 վրացական ընկերություն արդեն իսկ սկսել է իր արտադրանքը մատակարարել Ռուսաստանին, շատերն էլ հերթի են կանգնել դրա համար: Վրաստանում կրկնակի աճել է ռուս զբոսաշրջիկների քանակը: Խորացվում են հարաբերությունները հումանիտար և մշակութային ոլորտներում:

Ռուսաստանը ինքը պետք է գիտակցի, որ սխալ է վարվել: Ինչի՞ համար են այդ տարածքները (Աբխազիա և Հարավային Օսիա), դրանք շահավետ չեն նրա համար, նա առանց այդ էլ բավական խնդիրներ ունի՝ կապված անվտանգության հետ: Կովկասը պարզ տարածաշրջան չէ: Չեչնիա, Դաղստան, Ինգուշեթիա, այստեղ գործնականում ամեն օր մարդիկ են զոհվում:

Սակայն խնդիրը միայն Ռուսաստանի մեջ չէ: Օսերն ու աբխազները պետք է ցանկանան ապրել մեզ հետ: Վրաստանից փախել են անգամ վրացիները, ինչո՞ւ պետք է վերադառնան աբխազներն ու օսերը»:

Տեսանյութեր

Լրահոս