Վաղը շարունակվելու է Հայաստան մաքսանենգ ճանապարհով ադամանդ տեղափոխելու դեպքի առիթով հարուցված քրեական գործով դատական նիստը
Սեպտեմբերի 17-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Հայաստան մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի ադամանդ տեղափոխելու դեպքի առիթով հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ինչպես տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից, գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան երեք աշխատակիցների:
«Ա.Գասպարյանը մեղադրվում է նրանում, որ նա նախնական համաձայնության գալով ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետ Ա. Փ.-ի հետ, կատարել է խոշոր չափերի մաքսանենգություն:
Ա. Փափազյանը մեղադրվում է նրանում, որ` աշխատելով ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետ, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ և որպես այդպիսին հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարել է խոշոր չափերի մաքսանենգություն:
Իսկ Կ. Գալստյանը մեղադրվում է նրանում, որ` աշխատելով ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ և որպես այդպիսին` հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով` իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որով էական վնաս է պատճառվել պետության և պետական կազմակերպության օրինական շահերին».- ասված է մեղադրական եզրակացության մեջ:
Ա. Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով (մաքսանենգությունը` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների, մշակութային կամ այլ արժեքների տեղափոխումն առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով կամ մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու կամ դրանց մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձևով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու միջոցով, եթե դրանք կատարվել են խոշոր չափերով, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված ապրանքների կամ արժեքների պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի 5.1-ին մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ):
Ա. Փափազյանին մեղադրանք է առաջադրեվ Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Կ. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Ամբաստանյալներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկի նկատմամբ՝ ստորագրությունը չհեռանալու մասին: