Վրաստանի ԱԳՆ-ը ողջունել է ԵՄ-ի կողմից EUMM-ի մանդատի երկարաձգումը և նոր ղեկավարի նշանակումը

Abkhazeti.info կայքի փոխանցմամբ՝ Վրաստանը ողջունել է ԵՄ-ի Դիտորդական առաքելության մանդատը մեկ տարով՝ մինչև 2014 թվականը, երկարաձգելու մասին որոշումը, ինչպես նաև առաքելության նոր ղեկավարի նշանակումը: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան:

Նախորդ շաբաթվա վերջին հայտնի դարձավ, որ Վրաստանում ԵՄ-ի Դիտորդական առաքելության (EUMM) նոր ղեկավար է նշանակվել էստոնացի Տոյվո Կլաարը, ով փոխարինել է հունիսի վերջին Վրաստանը լքած Անջեյ Տիշկևիչին: Իսկ մինչ այդ էլ ԵՄ-ի որոշմամբ՝ EUMM-ի մանդատը երկարաձգվել էր մինչև 2014 թվականի դեկտեմբերի 14-ին:

Ջալագանիան ընդգծել է, որ Վրաստանի ԱԳՆ-ը հուսով է սերտորեն համագործակցել առաքելության նոր ղեկավարի հետ՝ հավելելով, որ EUMM-ը զգալի դերակատարություն ունի Վրաստանում կայունության ամրապնդման գործընթացում:

EUMM-ը ԵՄ-ի կողմից հիմնվել է 2008 թվականի սեպտեմբերի 15-ին՝ օգոստոսյան պատերազմից հետո: EUMM-ը պաշտոնապես իր գործունեությանը ձեռնամուխ է եղել 2008 թվականի հոկտեմբերի 1-ին: Առաքելության կազմում ընդգրկված է մոտ 260 դիտորդ, որոնք ներկայացնում են ԵՄ-ի անդամ 25 երկիր:

Տեսանյութեր

Լրահոս