Թուրքիայում սպառած գազի համար վճարումից կարող են ազատվել ցածր եկամուտ ունեցող ընտանիքները
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը պատրաստում է մի օրինագիծ, ըստ որի՝ ցածր եկամուտ ունեցող ընտանիքները կազատվեն սպառած կենցաղային գազի համար վճարումներից:
Օրինագիծը կառավարության դիտարկմանը կներկայացվի առաջիկա օրերին: Դրա հաստատումից հետո Թուրքիայի սոցիալական պաշտպանության ու աշխատանքի նախարարությունը կպատրաստի ցածր եկամուտ ունեցող ընտանիքների ցուցակը, որոնք կկարողանան օգտվել տվյալ արտոնությունից:
Թերթի պնդմամբ՝ այդ արտոնությունից հիմնականում կօգտվեն Թուրքիայի՝ քիչ զարգացած նահանգներում բնակվող և ցածր եկամուտ ունեցող ընտանիքները: 2013 թվականի հունվար-հուլիս ամիսներին Թուրքիայի ներքին շուկայում գազի սպառումը կազմել է 21.78 միլիարդ խորանարդ մետր:
Մինչդեռ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է մոտ 24.21 միլիարդ խորանարդ մետր: 2012 թվականին Թուրքիայի ներքին շուկայում գազի սպառումը կազմել է 41.44 միլիարդ խորանարդ մետր, իսկ 2011 թվականին՝ մոտ 39.4 միլիարդ խորանարդ մետր: