Մեղադրվում է ծաղկի և գառան մսի համար կեղծ 100 դոլարով վճարելու մեջ
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 18-ին կշարունակվի կեղծ փող իրացնելու դեպքի առիթով հարուցված քրեական գործի քննությունը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, դեպքի առիթով մեղադրանք է առաջադրվել Գ. Բ.-ին:
«Գ. Բ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013-ի մայիսի 10-ին ժամը 18-ի սահմաններում կեղծ փող իրացնելու նպատակով գնացել է Երևան քաղաքի Երևանյան 2 հասցեում գտնվող Կ. Մ.-ին պատկանող ծաղկի սրահ և վերջինիցս գնել ծաղկեփունջ, որի դիմաց վճարել է հարթ տպագրության եղանակով պատրաստված HB13424915A սերիա-համարի կեղծ 100 դոլար անվանական արժեքով մեկ հատ թղթադրամ ու հեռացել «Արմանդ» տաքսի ծառայության L5304 պ/հ ավտոմեքենայով: Բացի այդ` 2013-ի մայիսի 11-ին ժամը 10:30-ի սահմաններում կեղծ փող իրացնելու նպատակով գնացել է Ծ. Իսակովի 22 Ա հասցեում գտնող Գ.Պ.-ի տուն և վերջինիցս գնել է 11 կգ գառի միս, որի դիմաց վճարել է հարթ տպագրության եղանակով պատրաստված HB78164194A սերիա-համարի կեղծ 100 դոլար անվանական արժեքով մեկ հատ թղթադրամ ու հեռացել Արմանդ տաքսի ծառայության L5304 պ/հ-ի ավտոմեքենայով»,- ասված է մեղադրական եզրակացության մեջ:
Նախկինում չդատված ամբստանյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասով (կեղծ փողեր կամ արժեթղթեր` իրացնելու նպատակով պատրաստելը կամ պահելը կամ դրանք իրացնելը` պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա):
Գ. Բ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: