Իրաքյան պատվիրակությունն Իրանին է ներկայացրել Սիրիական ճգնաժամի կարգավորման իր պլանը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի խորհրդարանի պատվիրակությունը խորհրդարանի նախագահ Օսամա ան-Նեջեֆիի գլխավորությամբ երեկ Թեհրանում ներկայացրել է Սիրիական հակամարտության կարգավորման իր պլանը:
Իրաքյան պատվիրակությունն Իրանին զգուշացրել է չմիջամտել Սիրիական ճգնաժամին: Այս մասին հայտարարել է իրաքցի պատգամավոր Մազհար ալ-Ջանաբին: Վերջինիս խոսքերով՝ Սիրիայի հարցում որոշակիորեն տարբերվում են Իրաքի ու Իրանի հայացքները.
«Մեր առաջադրանքը Սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման հարցում տարածաշրջանի երկու խոշորագույն երկրների դիրքորոշումների համաձայնեցմանը հասնելն է և օտար արտաքին միջամտության սպառնալիքի վերացումը»:
Նշվում է, որ նախորդ շաբաթ էլ իրաքյան պատվիրակությունը համանման առաքելությամբ այցելել էր Թուրքիա: Խորհրդարանական աղբյուրները հայտնել են, որ այդ այցը եղել է հաջող, որ թուրքական կառավարությունը սկզբունքային համաձայնություն է տվել Սիրիական հակամարտության կարգավորման իրաքյան պլանին: