Այսօր մեկնարկում է ռուս փորձագետների յոթօրյա այցը Վրաստան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայության (Роспотребнадзор) մասնագետներն այսօր յոթօրյա այցով կմեկնեն Վրաստան՝ ստուգումներ անցկացնելու համար ալկոհոլային խմիչքներ ու հանքային ջուր արտադրող վրացական ընկերություններում, որոնք ցանկություն են հայտնել իրենց արտադրանքն արտահանել Ռուսաստան:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի Գինու ազգային գործակալության ղեկավար Լևան Դավիթաշվիլին: Վերջինիս խոսքերով՝ ռուս փորձագետների վրացական այցը մեկնարկելու է Աջարիայից՝ Բաթում քաղաքից, ինչից հետո նրանք կայցելեն Վրաստանի այլ շրջաններ, այդ թվում նաև Կախեթի:

Դավիթաշվիլին հավելել է, որ ռուսական պատվիրակությունը բաղկացած է լինելու 6 մարդուց, որոնք մեկ շաբաթվա ընթացքում ստուգումներ են անցկացնելու մոտ 20 գինեգործական ձեռնարկությունում, հանքային ջուր արտադրող 5 ձեռնարկությունում, ինչպես նաև գարեջուր արտադրող 2 ձեռնարկությունում:

Տեսանյութեր

Լրահոս