
Ուկրաինայում կազմակերպել են Մաքսային միությանը միանալու խնդրի շուրջ «ինտերնետային հանրաքվե»

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Մաքսային միությանն Ուկրաինայի միանալու կողմնակիցները ստեղծել են կայք, որում իրականացվում է տվյալ հարցի շուրջ քվեարկություն: Նախագծի հեղինակները հայտարարել են, որ երկրի արտաքին քաղաքական ընտրության (ԵՄ կամ ՄՄ) հարցն անհրաժեշտ է դնել համաժողովրդական քննարկման:
Նրանց խոսքերով՝ ինտերնետային քվեարկությունը (ոչ պաշտոնական հանրաքվե) կոչված է օգնել հայրենակիցներին կողմնորոշվել և հայտնել իրենց կարծիքը: Կայքում նկարագրված են ՄՄ-ին միանալու Ուկրաինայի առավելությունները և ԵՄ-ին նրա ինտեգրվելու թերությունները: Կայքի այցելուներին պարզապես առաջարկվում է կողմ կամ դեմ արտահայտվել ՄՄ-ին:
Ներկա դրությամբ ՄՄ-ին Ուկրաինայի միանալուն կողմ է արտահայտվել 12.074 մարդ, իսկ դեմ՝ 11.176-ը: ՄՄ-ին Ուկրաինայի անդամակցության օգտին ակտիվորեն հանդես է գալիս տեղի Կոմունիստական կուսակցությունը: