Արոնյանը մնաց 3-րդը և բավարարվեց 30 հազար դոլարով
Լևոն Արոնյանը չորս շախմատիստների պայքարում 3-րդ տեղը գրավեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտված «Սինքֆիլդի գավաթ» մրցաշարում:
Վերջին՝ 6-րդ տուրում հայ գրոսմայստերը սև խաղաքարերով 70-րդ քայլին պարտվելով ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենին՝ ելույթն ավարտեց 2,5 միավորով: Լևոնն այս մրցաշարում հաղթեց միայն Նակամուրային, 3 անգամ ոչ-ոքի խաղաց և երկու պարտություն կրեց:
Օրվա մյուս պարտիայում ամերիկացիներ Գատա Կամսկին և Հիկարու Նակամուրան 34-րդ քայլին խաղաղ դաշն կնքեցին: Այդպիսով, առաջին մրցանակը վստահորեն նվաճեց իր օգտին 4,5 միավոր գրանցած Կարլսենը: Նակամուրան վաստակեց 3.5, իսկ Կամսկին՝ 1,5 միավոր:
Մրցաշարի 170 հազար դոլար մրցանակային հիմնադրամն ըստ մասնակիցների գրաված տեղի բաշխվեց հետևյալ կերպ. Կարլսեն՝ 70, Նակամուրա՝ 50, Արոնյան՝ 30, Կամսկի՝ 20 հազար դոլար:
Ըստ Փաստինֆոյի