
ԿԺԴՀ-ը և Հարավային Կորեան այսօր վերականգնել են Կեսոնի արդյունաբերական համալիրի գործունեությունը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ը և Հարավային Կորեան այսօր վերականգնել են Կեսոնի համատեղ արդյունաբերական համալիրի աշխատանքները, ինչը տեղի է ունեցել տևական բանակցություններից հետո:
Դրա շուրջ վերջնական պայմանավորվածությունը ձեռք է բերվել սեպտեմբերի 10-11-ին տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ: Կեսոնի արդյունաբերական համալիրն իր աշխատանքները դադարեցրել էր ապրիլին՝ կապված Կորեական թերակղզում առաջացած լարվածության հետ:
Այժմ Հարավային Կորեայի իշխանությունները ԿԺԴՀ-ի իշխանություններից թույլտվություն են ստացել ողջ ծավալով զարգացնել արտադրությունը Կեսոնի համալիրում: Հյուսիսի ու Հարավի միջև հաշտեցման ու համագործակցության խորհրդանիշ համարվող այդ համալիրում գործունեություն է ծավալել ավելի քան 100 հարավկորեական ընկերություն:
Համալիրի ձեռնարկություններում աշխատում են Հարավային Կորեայի ավելի քան 800 և Հյուսիսային Կորեայի մոտ 53.000 աշխատակից, որոնք զբաղված են հագուստ կարելով, ժամացույցներ հավաքելով և էլեկտրակենցաղային ապրանքներ արտադրելով: