
Սիրիայի ապստամբների կեսն արմատական իսլամականներ են. զեկույց

Բրիտանական The Telegraph պարբերականի փոխանցմամբ՝ Սիրիայում նախագահ Բաշար Ասադի դեմ զինված պայքարի դուրս եկած զինյալների քանակը կազմում է մոտ 100.000 մարդ, որոնց մոտ կեսը արմատական իսլամականներ են: Սեպտեմբերի 15-ին իր զեկույցում նման տվյալներ է ներկայացրել IHS Jane’s հետազոտական կենտրոնը:
Վերջինիս տվյալներով՝ մոտ 10.000 մարդ հանդիսանում է ջիհադականների առավել արմատական խմբավորումների անդամ: Այդ խմբավորումներից առավել ազդեցիկը «Ջաբհաթ ալ-Նուսրա» և «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» խմբավորումներն են, որոնք սերտորեն կապված են «Ալ-Քաիդայի» հետ:
Եվս 30.000-35.000 զինյալ հանդիսանում են իսլամական արմատականության գաղափարախոսության կրողներ, սակայն ավելի շատ կենտրոնացած են դրա գաղափարներն անմիջականորեն Սիրիայի ներսում տարածելու վրա, քան՝ միջազգային պայքարում:
Ասադի ևս 30.000 հակառակորդ պատկանում է չափավոր իսլամական խմբավորումներին: Ապստամբների միայն ոչ մեծ (25.000-30.000 մարդ) մասն է դասվում աշխարհիկների թվին:
Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ Բաշար Ասադի հակառակորդները չափազանց ցրված են. կառավարության դեմ պայքարում է ավելի քան 1000 խմբավորում, որոնց մեծ մասը գործում է Սիրիայի ոչ մեծ տարածքներում: