Թուրքիան ողջունում է Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման շուրջ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև ձեռք բերված համաձայնությունը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն լրագրողների հետ զրույցում ողջունել է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը՝ կապված Սիրիայի քիմիական զենքը ոչնչացնելու հետ.

«Դա դրական քայլ է, սակայն համաձայնագրում նշված ժամկետները բավական տևական են և կարող են Սիրիայի իշխանությունների կողմից օգտագործվել՝ չարաշահումներ կատարելու համար: Թուրքիան գոհունակությամբ է վերաբերվում զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) յուրաքանչյուր տիպի և առաջին հերթին քիմիական զենքի ոչնչացման սկզբունքին տարածաշրջանում ու համայն աշխարհում:

Այդ պատճառով էլ Թուրքիան դրականորեն է գնահատում Ժնևում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման շուրջ պայմանավորվածության գալը: Դա չափազանց կարևոր է քիմիական զենքից բխող սպառնալիքն արմատախիլ անելու պլանում:

Սիրիական վարչակարգը չպետք է չարաշահի այդ համաձայնագիրը: Նա չպետք է դրա օգնությամբ շահի ժամանակ՝ նոր ջարդեր կազմակերպելու համար: Հայտարարված ժամկետները տևական են և վարչակարգին հնարովորություն են ընձեռում չարաշահել դրանք»:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 14-ին համաձայնեցրել են Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման խնդիրը, ինչը պետք է իրականացվի մինչև 2014 թվականի կեսերը:

Տեսանյութեր

Լրահոս