
Այս տարի Չինաստանի ՀՆԱ-ի աճի տեմպը կազմելու է 7.5 տոկոս

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ չնայած այս տարվա առաջին կիսամյակին գրանցված դանդաղեցմանը՝ տարվա արդյունքներով Չինաստանի ՀՆԱ-ի աճի տեմպը կազմելու է 7.5 տոկոս: Այս մասին հայտարարել է Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոն Կիմը:
Վերջինիս խոսքերով՝ իրենց նման հավատ է ներշնչում օգոստոսին Չինաստանի տնտեսական զարգացման վերաբերյալ հրապարակված վիճակագրական դրական տվյալները: Կիմը կարծում է, որ համաշխարհային տնտեսությունը հաղթահարել է զարգացման ամենաբարդ փուլը, սակայն երկրների կառավարություններին անհրաժեշտ է պահպանել զգոնություն, վերահսկողության տակ պահել տնտեսական աճի տեմպերն ու զբաղվածության մակարդակը:
Վերջին տարիներին Չինաստանում շարունակ գրանցվում է ՀՆԱ-ի տեմպի աճի դանդաղեցում: 2010 թվականին երկրի տնտեսական աճը կազմել է 10.4 տոկոս, 2011 թվականին՝ 9.2 տոկոս, 2012 թվականին՝ 7.8 տոկոս: Այժմ էլ կանխատեսվում է, որ 2013 թվականին այդ ցուցանիշը կկազմի 7.5 տոկոս: