Հինգերորդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանում ՀԱԿ-ի հեղինակած որևէ օրինագիծ չի ընդունվել
5-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանում, ինչպես 2-րդում, ՀԱԿ-ի հեղինակած որևէ օրինագիծ չի ընդունվել: Այս մասին նշվում է parliamentmonitoring.am-ի հրապարակած` «Ազգային Ժողովի մոնիտորինգ. 5-րդ գումարրում» երկրորդ զեկույցում:
Խմբակցության ոչ մի նախաձեռնություն գլխադասային հանձնաժողովներում դրական եզրակացություն չի ստացել ու նիստերի դահլիճում չի քննարկվել` բացառությամբ մեկի: ՀԱԿ-ը այս նախաձեռնությունը հեղինակել էր 2012-ին. այն վերաբերում էր մարտիմեկյան դեպքերի ուսումնասիրությանն առնչվող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը: Քննարկման մի քանի փուլ անցնելուց հետո նախագիծը 2013-ին, լիագումար նիստում, մերժվեց:
ՀԱԿ-ը ունի 2012-ից շրջանառության մեջ դրված, բայց դեռևս նստաշրջանի օրակարգ չընդգրկված 5 նախաձեռնություն: Դրանց ընդգրկումը նստաշրջանի օրակարգ հետաձգվել է մինչև 1 տարի ժամկետով: Հետաձգված նախագծերից 1-ը հեղինակել է ՀԱԿ խմբակցությունն ամբողջ կազմով` բացի Հրանտ Բագրատյանից: Մյուս 4-ի հեղինակը Հրանտ Բագրատյանն է: Հրանտ Բագրատյանի հեղինակած 2 նախագծի ընդգրկում նստաշրջանի օրակարգ մերժվել է պատգամավորների քվեարկությամբ:
Ըստ parliamentmonotoring.am կայքի վիճակագրության` 3-րդ նստաշրջանի ընթացքում ՀԱԿ խմբակցության ամենաշատ հարց տված, կողմ ու դեմ քվեարկած պատգամավորը Նիկոլ Փաշինյանն է. հարց` 18, կողմ` 79, դեմ` 82: Ամենաշատը ելույթ ունեցել է Հրանտ Բագրատյանը` 19, բացակայել է Ստեփան Դեմիրճյանը` 101, չի քվեարկել Լյուդմիլա Սարգսյանը` 25, ձեռնպահ է քվեարկել Լևոն Զուրաբյանը`47:
Խորհրդարանի ամենաշատ կողմ ու ձեռնպահ քվեարկած և ամենաշատ բացակայած պատգամավորների տասնյակներում ՀԱԿ ներկայացուցիչներ չկան:
Ամենաշատը դեմ քվեարկած 10 պատգամավորներից 6-ը ՀԱԿ-ից են: Ամենաակտիվ` հարց տված ու ելույթ ունեցած պատգամավորների տասնյակում կա ՀԱԿ-ի 2 պատգամավոր: