
Գերմանական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտով

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը սեպտեմբերի 13-ին հանդիպեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի և գերմանական «Ալպտելկո» ընկերության ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում դեսպանը նշեց, որ ժամանակն է մտածել Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գերմանական ընկերությունների հետ համագործակցություն ծավալելու մասին, ինչպես նաև, որ գերմանական մի քանի ընկերություն, մասնավորապես «Ալպտելկո» ընկերությունը հետաքրքրված են Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտով:
«Ալպտելկո» ընկերության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը ճարտարագիտական ծառայություններ է մատուցում հեռահաղորդակցության ոլորտում՝ դրանք համապատասխանեցնելով հաճախորդների պահանջներին, բիզնես գործընթացներին և ծրագրերին: Իր գործունեության ընթացքում ընկերությունը շեշտը դնում է տվյալների հաղորդման, ինտերնետ արձանագրության (IP), արբանյակային և անլար կապի լուծումների վրա:
Գագիկ Բեգլարյանը նշեց, որ ուրախ է, որ հեռահաղորդակցության ոլորտում Գերմանիայի հետ կան համագործակցության հնարավորություններ:
«Մենք պատրաստ ենք ոչ միայն կապի, այլև նախարարությանն առնչվող մյուս ոլորտներում ևս համագործակցել»,-ընդգծեց նախարարը:
Ռայներ Մորելը հետաքրքրվեց նաև Հայաստանի արբանյակային ծրագրին առնչվող մանրամասներով: Նախարարը նշեց, որ ստեղծվել է «Արմկոսմոս» ընկերությունը, և ծրագրի հետ կապված՝ առայժմ ընթանում են բանակցություններ:
Դեսպանը հույս հայտնեց, որ գերմանական ընկերությունները ևս հետաքրքրություն կցուցաբերեն Հայաստանի արբանյակային ծրագրի նկատմամբ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն