
Տոկիոն ճանաչվել է աշխարհի խոշորագույն մեգապոլիս

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն ճանաչվել է աշխարհի խոշորագույն մեգապոլիս: Այս մասին նշված է բնակչության խնդիրներով զբաղվող ամերիկյան Population Reference Bureau հետազոտական կազմակերպության հրապարակած զեկույցում:
Դրանում նշված է, որ Տոկիոյի քաղաքային ագլոմերացիայի բնակչությունը կազմում է 37.2 միլիոն մարդ (երկրի բնակչության 29 տոկոսը): Երկրորդ տեղը զբաղեցրել է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելին՝ 22.7 միլիոն մարդ, իսկ երրորդ տեղը՝ Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոն՝ 20.5 միլիոն մարդ:
Առաջատար տասնյակում ընդգրկվել են նաև Նյու Յորքը, Շանհայը, Սան Պաուլուն, Մումբայը, Պեկինը, Դաքքան ու Կալկաթան: Կազմակերպության տվյալներով՝ Երկրագնդի բնակչության քանակը կազմում է 7.1 միլիարդ մարդ:
Ասիայի բնակչությունը կազմում է 4.8 միլիարդ մարդ, Աֆրիկայինը՝ 1.1 միլիարդ մարդ, Եվրոպայինը՝ 760 միլիոն մարդ, Հյուսիսային Ամերիկայինը՝ 352 միլիոն մարդ, Հարավային Ամերիկայինը՝ 606 միլիոն մարդ, իսկ Ավտսրալիայինն ու Օվկիանիայինը՝ 38 միլիոն մարդ:
Կազմակերպության կանխատեսմամբ՝ մինչև 2050 թվականը Երկրագնդի բնակչությունը կհասնի մինչև 9.7 միլիարդ մարդու, որից 2.4 միլիարդը բնակվելու է Աֆրիկայում: