Պետրոս Մակեյան. Եվրոպական չինովնիկները ստացան երեք մատի կոմբինացիան
«Այն, ինչ կատարվեց վերջին մեկ շաբաթվա ընթացքում, կարծում եմ` մտահոգիչ է յուրաքանչյուր արժանապատվություն ունեցող հայ մարդու համար»,- այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը` անդրադառնալով Մաքսային միություն մտնելու վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությանը:
Մակեյանն անընդունելի համարեց այն փաստը, որ ՀՀ իշխանությունները շուրջ 4 տարի բանակցություններ էին վարում Եվրոպական միության հետ` Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման վեաբերյալ, սակայն ամեն ինչ փոխվեց մեկ օրում:
«Մարդիկ, ովքեր 10 օր առաջ ասում էին, թե մեր ապագան եվրոպական արժեքներն են և եվրաինտեգրումը, թե Հայաստանը չի կարող մտնել Մաքսային միություն, որովհետև չունենք ընդհանուր սահման, ինքնիշխանության կորուստ է, այսօր հակառակն են ասում: Սա լուրջ մտահոգության առարկա է, այդ պատճառով` մեր հայտարարությունն այդ մտահոգությունն է արտահայտում»,- ավելացրեց Պետրոս Մակեյանը:
Վերջինիս կարծիքով` աշխարհաքաղաքական այս կտրուկ փոփոխության պատճառով` Հայաստանը հայտնվել է երկու ուժային կենտրոնների կիզակետում: «Այսինքն` այսօր Հայաստանը հարվածներ է ստանում և´ Հյուսիսից, և´ Արևմուտքից»,- ասաց նա:
«Սրանից տուժում է միայն ժողովուրդը: Իհարկե, այստեղ լուրջ խնդիրներ են առաջանում նաև եվրոպական չինովնիկների համար, որովհետև նրանք տարիներ շարունակ նպաստեցին այս վիճակին հասնելուն, որովհետև ամեն մի կեղծված ընտրությունից հետո ասում էին` միջազգային չափանիշներինհամապատասխան ընտրություններ են տեղի ունեցել և քայլ առաջ: Եվ այսօր, կներեք, ստացան երեք մատի կոմբինացիան: Ինչ կլինի սրանից հետո, բնականաբար կախված է հայ ժողովրդից և քաղաքական ուժերից»,- ավելացրեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավարը: