Գյումրիում ձևավորվել է «Գյումրիի երիտասարդական խորհուրդը» (լուսանկարներ)
Սեպտեմբերի 12-ին Գյումրիի «Բեռլին Արթ հոթելում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված «Գյումրիի երիտասարդական խորհրդի» հիմնադրմանը: Առաջին անգամ տեղի ունեցավ, կարելի է ասել, իր ձևաչափի շրջանակներում աննախադեպ իրողություն. կոնկրետ մի համայնքում ձևավորվեց ոլորտի արհեստավարժ 9 փորձագետից կազմված անկախ մարմին, որի նպատակն է քաղաքի երիտասարդական աշխատանքի և ոլորտի շարունակական զարգացումը։ Խորհորդը, որպես այդպիսին, ոչ ծրագիր է, ոչ էլ կազմակերպություն, այն ձևավորվել է ինքնաբուխ և կոչված է քաղաքի երիտասարդական ոլորտում որոշակի տեսանելի փոփոխություններ իրականացնելուն:
Հաշվի առնելով քաղաքի այս կամ այն ոլորտներում առկա առանձնահատկությունները` ձևավորված խորհուրդն իր առջև դրել է որոշակի խնդիրներ, որոնք կապված են քաղաքում երիտասարդական պլատֆորմի ստեղծման հետ: Խորհուրդն իր գործունեությամբ նպաստելու է Գյումրիում երիտասարդական ոլորտին առնչվող տեղեկատվության մատչելիությանն ու հասանելիությանը, Գյումրիում երիտասարդության ոլորտում իրականացվող բազմաբնույթ միջոցառումների ու ծրագրերի իրականացմանն ու տարածմանը, Գյումրիի երիտասարդների շահերի պաշտպանությանը, խնդիրների բարձրացմանն ու դրանց լուծմանը, ինչպես նաև «երիտասարդական աշխատանք» և «աշխատող» երևույթ-արժեքների ճանաչելիությանն ու ներդրմանը: Խորհրդի առջև դրված խնդիրներից է նաև ակտիվ ու անմիջական մասնակցությունը երիտասարդական քաղաքականության ու մեխանիզմների ուսումնասիրումը, մշակումը, ինչպես նաև վերջինիս իրականացումն ու վերահսկումը:
Մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվեցին խորհրդի անդամներն ու ոլորտում նրանց փորձառությունը, խորհրդի ստեղծման անհրաժեշտությունն ու նախապատմությունը, ինչպես նաև ձևավորված կանոնադրության և վեցամսյա գործունեության ծրագրի նախագծերը: «Կարևոր հանգամանքը, որ ուզում ենք նշել, դա երիտասարդների շահերի պաշտպանության խնդիրն է այսօր` սկսած զբաղվածության խնդրից, վերջացրած որոշումների կայացման գործընթացներում երիտասարդներին չներգրավելու խնդիրները», իր խոսքում նշեց խորհրդի անդամ, տնտեսագետ, Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպության ատենապետ Կարեն Պետրոսյանը:
Ասուլիսի վերջում հիմնադիր անդամների կողմից ընթերցվեց և ստորագրվեց «Գյումրու երիտասարդական խորհրդի» Հռչակագիրը, որից հետո տեղի է ունեցավ խորհրդի անդրանիկ աշխատանքային բաց նիստը: