
Արմեն Ռուստամյան. Մերոնք ուզում են խորամանկություններ անել

Մաքսային միությանն անդամակցելով Հայաստանը կհասնի նաև Եվրասիական միությանը: Այսօր այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: «Տնտեսական շահը բխում է քաղաքականից: Զարմանում եմ, թե ինչո՞ւ իշխանությունները պարզ տեքստով չեն խոսում ժողովրդի հետ: Հարցը թաքցված, կիսատ-պռատ ձևով են ներկայացնում: Ավելին՝ ես փակ քննարկման ժամանակ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հարց եմ տալիս, բայց փորձում է Մաքսային միությունը ներկայացնել որպես զուտ տնտեսական համագորակցության քայլ, բայց էդպես չէ: Ես վստահ եմ, որ սա քայլ է աշխարհաքաղաքական նոր բևեռի մաս կազմելու: Սրանով Հայաստանը հասնելու է Եվրասիական միության, Եվրազեսի՝ հիշեք սա: Հիմա մենք մեր վեկտորն ուղղել ենք դեպի այդ քաղաքական միավորը, այս տրամաբանությամբ պետք է ամեն ինչ տեսնել»,- նշեց նա:
Ըստ ՀՅԴ պատգամավորի՝ Ասոցացման համաձայնագիրը գործող պայմաններով չի ստորագրվի Եվրոպայի կողմից: Այն, ըստ Ա, Ռուստամյանի, կարող է ստորագրվել, այլ ձևաչափով:
«Ասոցացումն այլևս հնարավոր չէ այնպես, ինչպես պատկերացնում էինք մինչև սեպտեմբերի 3-ը: Ակնհայտ է, որ այն պայմանագիրը, համաձայնությունները, որոնք տեղի են ունեցել մինչև սեպտեմբերի 3-ը, չեն ստորագրվի, սա փաստ է: Շտեֆան Ֆյուլեն ևս նույն բանն է ասել՝ ներդաշնակեցում չկա, ուրեմն՝ անհամատեղելի է: Բայց մերոնք ոզում են խորամանկություններ անել: Խոսքը կարող է գնալ այլ համաձայնության մասին, որովհետև Եվրոպան տարբեր մակարդակի համագործակցություն իրականացնում է, ասենք, սկսած աֆրիկյան երկրներից, մինչև Մեքսիկա: Բայց մենք սրա մասին չենք խոսում: Ստորագրել այն նույն ծավալով հնարավոր չէ: Բայց կարող է ասեն՝ տեսա՞ք, ինչ ասում էինք եղավ, ստորագրվեց… Բայց դա չի լինի Ասոցացման համաձայանգիրը»: